ԵՏՄ ինտեգրացիան ձգձգվում է, քանի որ բոլորն են հասկանում՝ Հայաստանը բեռ է «տրոյկայի» համար. Ստյոպա Սաֆարյան

20:58 • 02.07.14

Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր է` կայանա հոկտեմբերին, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար անակնալ չէր, քանի որ նա ամիսներ առաջ էր ասել, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ի ինտեգրացիայի խնդիրը կտեղափոխվի խոր աշուն։

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում խոչընդոտները շատ են, որոնք հասկանալու համար պետք է հաշվի առնել ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ, ինչպես նաև՝ ՀՀ անդամակցության խնդրի վերաբերյալ «տրոյկայի»՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վերաբերմունքը։


«Մայիսի 29-ին Աստանայում հաստատվել էր, որ կլինի «տրոյկայի» երկու նիստ, մեկը՝ հոկտեմբերին, մյուսը՝ դեկտեմբերին։ Իսկ «տրոյկան» կարող է փաստաթուղթը ստորագրել միայն այդ ժամանակ։ Նույնիսկ Ղազախստանի նախարարի խոսքը հաստատ չէ, ասում է՝ կարող է ստորագրվել»,-նշեց նա։


Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք առկա էին պայմանագիրը պատրաստելու պահին, շարունակում են մնալ չլուծված։ Իսկ թե ինչպես իշխանություններն են ասում՝ դրանք կարելի՞ է համարել տեխնիկական, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք՝ տեխնիկական են ասում, բայց եթե բանը հասել է նրան, որ ՀՀ-ն պետք է վերանայի իր միջազգային հարաբերությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ գործընկերների հետ, ինչպես Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն է ասել, շատ ներեցեք, բայց սա տեխնիկական չես համարի։ Եթե Հայաստանը պետք է բարձրացնի բոլոր մաքսադրույքները, ինչը նույն Շուվալովը հայտարարեց՝ հակառակ Սերժ Սարգսյանի հուլիսի 17–ի ելույթի, սա նույնպես տեխնիկական չեք համարի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն այլ բան է պայմանավորվում Հայաստանի հետ, մյուս կողմից՝ եռյակի ձեռքերով այլ բան է մատուցվում Երևանին»։


Քաղաքագետը պակաս կարևոր հարց չհամարեց ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Ղազախստանի և Բելառուսի վերաբերմունքը. «Ապրիլի 28-ին Բելառուսը չափազանց պարզ ու հրապարակային ասաց՝ իսկ ի՞նչ է ստանում իմ երկիրը Հայաստանի անդամակցությունից, արդյո՞ք դա բեռ չի։ Իհարկե՝ անուն չի տրվել, բայց ասվել է, որ նոր անդամակցությունից մենք էլ կշահենք, ու այս խնդիրը դրվել է, այսինքն՝ բոլորն են հասկանում, որ Հայաստանն ավելի շատ փորձում է օգտվել, քան՝ տալ մյուսներին»։


Ըստ Սաֆարյանի՝ այս ամենին գումարվում է Երևանի խնդիրները. «Ասել, թե պաշտոնական Երևանն ուրախ է իր կատարած ընտրությունից... Այդպիսի տպավորություն չես ստանում Սերժ Սարգսյանի ելույթներից, ով Վրաստանում իր ելույթի ժամանակ ասում է՝ սա քաղաքակրթության ընտրություն չէ, սա ընտրություն չէ եվրոպական կամ եվրասիական քաղաքակրթության օգտին, սա մենք արել ենք մեր անվտանգության և տնտեսական շահերից ելնելով, այսինքն՝ այնպես չէ, որ նաև Հայաստանը չափազանց գլխապատառ ուզում էր մտնել ԵՏՄ։ Հանուն արդարության՝ ասենք՝ կար այդպիսի շրջան, որը մինչև մարտի 5-ն էր, երբ Հայաստանն ուզում էր շատ արագ դառնալ ՄՄ անդամ, որպեսզի նաև ԵՏՄ հիմնադիր անդամ լիներ, բայց երբ դա նրան թույլ չտրվեց, ՀՀ-ի շահագրգռվածությունները նույնպես նվազեցին»։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործոնին, ապա, ըստ նրա՝ դա կա, եղել է և մնում է. «Տեսնում ենք, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ ինտեգրացիայի հարցում ԼՂՀ-ի և ՀՀ-ի սահմանի հարցը դրվել է նրա համար, որպեսզի Ադրբեջանին գայթակղեն։ Ադրբեջանը ինչքան էլ պաշտոնապես հայտարարի, թե ԵՏՄ-ի անդամակցության պաշտոնական հրավեր չի ստացել, վերջին շրջանի հայտարարությունները և նաև՝ Պուտինի՝ ցանկալի լինելու մասին հայտարարությունը, և վերջապես՝ Լավրովի այցը Ադրբեջան ամեն ինչ ասում են, մասնավորապես՝ որ այս պահին նա ժամանակ ունի մտածելու, քանի որ Ղարաբաղը չի մտնում ՄՄ»։


Իսկ թե Հայաստանը արդյո՞ք միայն որպես բեռ է ընկալվում՝ Սաֆարյանը նշեց, թե չի ցանկանում թերագնահատել կամ  գերագնահատել ՀՀ-ի նշանակությունը միության կազմում, որովհետև Պուտինի ծրագրերը խափանվել են Ուկրաինայի մասով։


 «Հայաստանը կարևոր է թեկուզ՝ որպես գլխաքանակ, և՝ ո´չ միայն գլխաքանակ,այլը՝  միության ջատագով ևս մեկ պետություն՝ Կովկասում իր ռազմավարական դիրքով, բայց նաև չեմ ուզում գերագնահատել Հայաստանի դերը, որովհետև եթե կարևոր լիներ, ՀՀ-ի անդամակցության հարցում այսքան խոչընդոտներ չէին լինի»,-եզրափակեց նա։