«Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուին մերժել են անձնագիր տրամադրել Հան Սոլոյի անունով
«Աստղային պատերազմներ» ֆիլմի բրիտանացի երկրպագուին մերժել են Հան Սոլոյի անունով անձնագիր տրամադրել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Birmingham Mail-ին:
Սթոուրբրիջ քաղաքից 34-ամյա Դոմինիկ Քիմբերլին £12 է վճարել The Legal Deed Service ընկերությանը անունը փոխելու համար: Բրիտանացին արդեն նոր բանկային քարտ է ստացել, սակայն նոր անձնագիր նրան չեն տրամադրում, քանի որ Հան Սոլոն հորինված կերպար է:
«Ես միշտ այդ ֆիլմերի երկրպագու եմ եղել, և Հան Սոլոն միշտ իմ սիրելի հերոսն է եղել: Իրականում ես կուզենայի իմանալ, թե ինչքան հեշտ է փոխել անունը: Ես ներկայանում եմ որպես Հան Սոլո, և մարդկանց մեծ մասը ծիծաղում է, բայց հին ընկերներն ինձ Դոմ են ասում»,- պատմել է Քիմբերլին:
Ինչպես հիշեցնում է թերթը, ավելի վաղ The Legal Deed Service ընկերությունն օգնել է Սուրեից Սթիվեն Էդմունդսին ստանալ Էնիմալ Սթիվեն Լեոնիդաս Ֆլոյդ Մերիուեզեր Մակմանուս անունը:










