Ջրի տակ անցնելու վտանգի առաջ կանգնած Կիրիբատի խաղաղօվկիանոսյան կղզու բնակիչները կարող են տեղափոխվել Ֆիջի

21:12 • 02.07.14

Խաղաղօվկիանոսյան Կիրիբատի կղզու կառավարությունը Անգլիայի եկեղեցուց 8.8 մլն դոլարով ձեռք է բերել Ֆիջի կղզու վրա գտնվող Վանուա Լևու անտառապատ բնակավայրը:


Ինչպես գրում է The Atlantic-ը՝ Կիրիբատիի ղեկավարությունը մտադիր է այդ 20 քառ. կմ տարածք ունեցող հողատարածքում վերաբնակեցնել իր 130 000 բնակչին, եթե նրանք ստիպված լինեն վերջնական լքել կղզին: Կառավարության ծրագրի համաձայն՝ հողատարածքը կարող է կիրառվել գյուղատնտեսական և ձկնորսական նպատակներով:


«Մենք կփորձենք ամբողջությամբ չտեղափոխել բնակիչներին, սակայն եթե անհրաժեշտ լինի, մենք այդ քայլին կգնանք», - the Guardian պարբերականին հայտնել է Կիրիբատիի նախագահ Անոտե Թոնգը: Նոր հողատարածքը գտնվում է կղզուց 2000 կմ հեռավորության վրա:


Կիրիբատիի 32 կորալյան խութի շուրջ գտնվող ծովի ջրերը տարեկան բարձրանում են 1.2 սմ-ով, որը գրեթե 4 անգամ ավելի արագ է, քան համաշխարհային մակարդակը՝ օվկիանոսային հոսանքներով պայմանավորված:


Որոշ փորձագետների կարծիքով` կղզին կարող է ամբողջությամբ ջրի տակ անցնել 2100 թվականին: