Օտար երկրի քաղաքացի, կացության կարգավիճակ չունեցող հայը 180 օրից ավել Հայաստանում մնալու դեպքում տուգանվում է
Ազգությամբ հայ և Ռուսաստանի քաղաքացիություն ուեցող մի խումբ անձինք բողոքել են Tert.am-ին, որ հայ լինելով և տեղի գրանցում ունենալով հանդերձ՝ Հայաստանից դուրս գալու համար սահմանին իրենցից 50 000 դրամ են պահանջել՝ իբրև տուգանք:
Նշենք, որ վերջիններս երկրում կացության կարգավիճակ ձեռք չեն բերել՝ մտածելով, որ ծնվել և մեծացել են Հայաստանում, ունեն Հայաստանի գրանցում և իրենց երկրում ապրելու համար կարգավիճակ ձեռք բերելու մասին չեն մտածել:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Tert.am-ին փոխանցեցին, որ եթե ԱՊՀ երկրի քաղաքացին օրենքով նախատեսված 180 օրից ավել է մնում Հայաստանում, սահմանը հատելուց տուգանվում է առաջին անգամ՝ 50 000 դրամով, իսկ եթե անձն օրինական է բնակվում Հայաստանում, այսինքն՝ ձեռք է բերում կացության կարգավիճակ, ապա նրա նկատմամբ որևէ տուգանք չի կիրառվում: Ոչ օրինական բնակվելու դեպքում անձը տուգանվում է՝ անկախ ազգությունից և գրանցման վայրից:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ տեղեկացրեց, որ նախկինում նման կարգ չի եղել, և ցանկացած օտարերկրացի, եթե ազգությամբ հայ է, որպես կանոն՝ Հայաստանում մնալու 180 օրը գերազանցելու համար տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Ստացվում է, որ այդ կարգը նոր է, իսկ թե երբվանից է այն ուժի մեջ մտել, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դժվարացան մեզ պատասխանել՝ ասելով, որ դա իրենց իրավասության շրջանակում չէ:










