Թույլ չենք տա, որ որևէ մեկն օրենքով մեզ հատկացվածը փորձի խլել. Հովհաննես Մարգարյան

16:54 • 03.07.14

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքի վարչական տարածքում բուհի և ՕԵԿ-ի միջև ունեցած տարածքային վեճի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով անդրադարձել է նաև բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի ներկայացրած փաստարկներին:


Նա պարզաբանեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ դա համայնքապատկան հող է և պատկանում է Երևանի քաղաքապետարանին, վերջինս էլ 2008 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել այդ տարածքը հատկացնել ՕԵԿ-ին:


Հովհաննես Մարգարյանի համար անհասկանալի է, թե ինչպես 2012 թվականին Գյուղինստիտուտը վերանվանվելով Ագրարային համալսարանի ներկայացրել է տարածքի վերաբերյալ փաստաթղթերը, բացի այն փաստաթղթից, ըստ որի՝ այդ տարածքը ՕԵԿ-ի սեփականությունն է:


«Մենք դիմել ենք դատախազություն, որը հետևողական է լինելու, որպեսզի բացահայտի ամեն ինչ և արդյունքում այն պաշտոնյաները, ովքեր օրենք են խախտել, անպայման պատասխանատվություն կրեն»,- ասաց նա:


Նշենք, որ նախկին Գյուղինստիտուտի անասնաբուծական, անասնաբուժական ֆակուլտետների միավորման հենքի վրա ստեղծված բուհը 1994 թվականի վերանվանելով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ժառանգել է գյուղինստիտուտի ողջ գույքը և երբ 2012-ին դարձել է ՊՈԱԿ, Կառավարության 471 որոշմամբ՝ ամբողջ շենք–շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվել են բուհին, որով էլ այդ ամենը ստացել է պետական գրանցում:


Tert.am-ը վերոնշյալ հարցի վերաբերյալ մեկնաբանություն է ստացել նաև բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից: Ի պատասխան պրոռեկտորի պարզաբանմանը, թե իրենց ունեցած փաստաթղթերում վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես բուհի սեփականություն, Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իրենց փաստաթղթերը:


Դրանցից առաջինով Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել այդ տարածքը տրամադրվել է ՕԵԿ-ին, երկրորդով այդ որոշման հիման վրա տրվում է կադաստրի վկայական և այդ տարածքը պետական գրանցում է ստանում, երրորդ՝ փաստաթղթով քաղաքապետարանը տվել է շինարարական թույլտվություն, ճարտարապետաշինարարական առաջադրանք, իսկ փաստաթուղթը վերաբերում է նրան, որ Երևանի քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն և ժամկետ նշված չէ:


«Մենք սկսել ենք այդ աշխատանքները, իսկ հիմա ինչ հեքիաթներ են պատմում: Ուզում եմ հավատալ, որ սա թյուրիմացություն է, որը բազմակողմանի քննությունը կպարզի»,- ասաց պատգամավորը:


Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, ապա Հովհաննես Մարգարյանն ասաց .«Մենք դատարան չենք դիմում, որ պարզենք մեր գույքն է, թե ոչ, մենք դատարան դիմում ենք հասցված վնասի փոխհատուցման պահանջով, քանի որ խոչընդոտելով մեզ պատկանող, մեզ հատկացված տարածքում շինարարություն իրականացնելը՝ վնաս են հասցրել»:


Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս ամենում, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց.«Ես երեկ պրոռեկտորին ևս հարցրել եմ, թե այդ 6 տարվա ընթացքում ինչո՞ւ մեկ անգամ չեն բարձրաձայնել, որ օգտագործում ենք իրենց տարածքը: Ես Ձեր հարցին պատասխանեցի, հետևությունը թողնում եմ ձեզ: Բոլորը թող քաջ իմանան, որ ՕԵԿ-ը 1սմ որևէ մի շինության, առավելևս կրթօջախի տարածքի, որևէ ապօրինություն թույլ չի տվել, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տա, որ որևիցե մեկն իր կամայականության արդյունքում օրենքով մեզ հատկացվածը փորձի խլել մեզանից»:


«Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ապա այս գործընթացը կտա դրա պատասխանը, թե ինչ շահագրգռվածություն է եղել, որ վեցը տարի շարունակ որևէ գրությամբ որևէ մեկին չի դիմվել, որ այն, ինչ պատկանում է մեզ, ապօրինի օգտագործում է ՕԵԿ-ը»,– ավելացրեց պատգամավորը:


Ինչ վերաբերում է այն պարզաբանմանը, թե բուհը քաղաքապետարանի որոշմանը տեղյակ չի եղել, Հովհաննես Մարգարյանը որպես պատասխան հարցրեց.«Եթե քաղաքապետարանը ձեզ պատկանող՝ պետական գրանցում, կադաստրի վկայական ունեցող բնակարանի հետ որևէ փոփոխություն է կատարում, 6 տարիների ընթացքում դուք իրազեկված չե՞ք լինում»: Նա պարզաբանեց, որ ՀՀ իրավական ակտերի մասին օրենսդրության համաձայն՝ այդ փաստաթղթի մեկ օրինակը ուղարկվում է իրենց, իսկ մյուս օրինակը՝ բուհին: