ՀՀ Նախագահը դիպլոմներ հանձնեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին (տեսանյութեր, լուսանկարներ)

13:30 • 03.07.14

Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտներն այսօր իրենց դիպլոմները ստացան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից:


Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախագահին շնորհեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ և ընդգծեց, որ այն ամենահին գերատեսչական մեդալն է՝ 70 տարվա պատմություն ունեցող:


ՀՀ նախագահը շնորհավորեց երիտասարդներին բուհն ավարտելու կապակցությամբ և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու համար:


«Դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանը արժանանում են կամ վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով՝ ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ: Դուք ընդամենը այսօր իրավունք եք ստացել դպրոց ու դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին պետք է շատ ջանք ներդնեք»,- ասաց նա:


Սերժ Սարգսյանը նշեց, որ վաղը, երբ շրջանավարտները մտնեն դասարան և հանդիպեն տասնյակ զույգ աչքերի, որոնք հետաքրքրասիրությամբ են լցված, միշտ հիշեն, որ «այդ երեխաները իրենց ծնողների ու Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են ու հիշե՛ք, որ ձեզ է նայելու այդ աչքերով վաղվա Հայաստանը»։


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև մանկավարժի աշխատավարձը ամենաբարձր վարձատրվողը չէ, բայց նրա դերը պատմական է:


«Դժվար աշխատանք է, որովհետև մանկավարժը նաև հասարակության անդամ է և պետք է փորձի դպրոցի շեմին թողնել իր անձնական խնդիրները: Այո՛, հասարակական ընկալման մեջ այն պաշտամունքային վերաբերմունքը, որ մենք ունեինք տարիներ առաջ, խարխլվել է: Այստեղ մեծ է նաև լրատվական դաշտի դերակատարությունը: Բայց ես գլուխ եմ խոնարհում այն բոլոր մանկավարժների առաջ, որոնք իրենց գործը պատվով անում են Հայաստանում, ԼՂՀ-ում ու Սփյուռքում»,- ասաց նա:


Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց, որ փորձում են պահել մանկավարժի անունը հենց բուհի շնորհիվ և այս առումով հաջողություններ ունեն:


«Ընդհանրապես ոչ միայն մեր ուսումնական հասատատությունում, կարծես ընդունված չէր, զբաղվել ուսանողի հետագա ճակատագրով: Ստեղծել են կարիերայի կենտրոն ու անում ենք ամեն ինչ, որ այն չլինի ձևական»,- ասաց նա: