Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը՝ Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրի հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի»:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:
Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:
Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը և հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան:










