Ճարտարապետը համոզված է՝ Աֆրիկյանների տան հարցում պատվեր է կատարվում, ակտիվիստը հակադարձում է

16:52 • 03.07.14

Թեքեյան մշակութային կենտրոնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը նման կարծիք հայտնեց ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Նա ընդգծեց, որ չի հավատում շենքի ապամոնտաժման դեմ պայքարողների ազնվությանը, քանի որ համոզված է, որ պատվեր են կատարում:
 

«Նույնը միշտ ասում են Հյուսիսային պողոտայի համար, բայց այն դեռևս Թամանյանի կողմից գծված հատակագծի հիմքում է: Հիմա Աֆրիկյանների շենքը խոչընդոտում է ճանապարհին, ի՞նչ ասեմ, եթե դուք չեք հասկանում ճարտարապետությունից: Այս շենքը վաղուց էր պետք քանդել, սակայն Մշակույթի նախարարությունը չէր համարձակվում թույլտվությունը տալ, ու բանը հասավ նրան, որ մնաց շենքից մի պատ: Եթե այդ երիտասարդները իսկապես շատ մտահոգ մարդիկ են, ապա Մաշտոցի պուրակում պայքար մղելուց հետո, որտեղ իրականում չկար մի մեծ խնդիր, պետք է պայքարեին բանկի շենքի համար, որը իսկապես մի ամբողջ պատմություն է»,-ասաց նա:

Երկար տարիներ հին շենքերի ապամոնտաժման գործընթացը նկարահանող ֆոտոնկարիչ Հայկ Բիանջյանն արձագանքելով ճարտարապետի կարծիքին՝ հարց ուղղեց, թե տարիներ անց, երբ Օպերայի տարածքի սրճարաններն ընդլայնվեն, գուցե Օպերայի շենքը տեղափոխելու հա՞րց առաջանա: 


«Աֆրիկյանների շենքը մի ամբողջ պատմություն է, ու մենք պարտավոր ենք այն պահպանել: Մենք այս երկրի քաղաքացիներ ենք և չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ անում են մեր շենքերի հետ: Պարզապես կառավարությունը սեփականատերերին չի բացատրում, թե ինչ շենք է վաճառում, ներկայացնում են, թե կռիսանոց է ու սեփականատերերն էլ այսպես են վարվում»,-ասաց նա:


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Լենա Նազարյանը նշեց, որ Երևանում գոյություն ունի մոտ 200 պատմամշակութային շենք, որոնցից 80-ի վերաբերյալ իրենք ուսումնասիրություն են իրականացրել:


«Այդ 80-ից 37-ն են, որ ներառված են Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ու ենթակա են պահպանման: Այդ 80 շենքերից 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետներն ասում են, որ հարկ է ներառել: Այս տարիներին ապամոնտաժվել է 23 շենք և վերականգնվել 11-ը, որոնց արտաքին ու ներքին տեսքը խաթարված է: Քանդված շենքերի քարերը, երբ ուզում ենք գնալ ու տեսնել, ասում են՝ գրավոր թույլտվություն է պետք մշակույթի նախարարությունից, բայց դա չի տրվում»,-ասաց նա: