«Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» գիտաժողովի մասնակիցներն այցելել են Ս. Էջմիածին

17:02 • 03.07.14

Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածին են այցելել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցները: Մայր Աթոռում աստղագետներին ողջունել և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Հովակիմ եպիսկոպոսն անդրադարձ է կատարել նմանօրինակ ժողովների կազմակերպման կարևորությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավագույնս խթանելու են միջազգային գիտական հանրության կողմից հայ ժողովրդի համար մեծ նվաճում համարվող գիտական կենտրոնի` Բյուրականի աստղադիտարանի ավելի լայն ճանաչմանը:

Զրույցի ընթացքում հյուրերին է ներկայացվել Հայ Եկեղեցու պատմական ուղին, մասնավորապես կրթական և սոցիալական դաշտում իրականացվող արդի գործունեությունը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում արձանագրված սերտ գործակցությունն ու ձեռքբերումները: