Բրազիլիայի ոստիկանությունը կասկածում է FIFA-ին տոմսերի անօրինական վաճառքում ներգրավվածության մեջ
Բրազիլիայի իրավապահ մարմինները սկսել են 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերի տոմսերի անօրինական վաճառքին Բրազիլիայի, Արգենտինայի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների, ինչպես նաև հենց FIFA-ի հնարավոր ներգրավվածության մասին գործով հետաքննությունը, գրում է Deutsche Welle-ը՝ հղում անելով AFP գործակալությանը:
Չորեքշաբթի օրը Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում ձերբակալվել է 11 կասկածյալ: Հարցաքննվել է նաև հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի եղբայրը, ով ոստիկանության տվյալներով պատմել է ծանոթներին, որ իր «համակարգը» թույլ է տալիս իրենց ձեռք բերել VIP տեղերի համար տոմսեր:
Հանցագործները մինչև հազար տոմս են վաճառել Բրազիլիայում առաջնության ամեն խաղի համար, գինը մեկ տոմսի համար եղել է մոտ հազար եվրո : Ընդ որում՝ սև շուկայում առաջարկվում էին տոմսեր, որոնք FIFA-ն անվճար տրամադրում է խաղացողներին, ազգային ֆուտբոլային ֆեդերացիաներին և ձեռնարկություններին:
Տոմսերի անօրինական վաճառքի նմանատիպ համակարգեր օգտագործվել են նաև ֆուտբոլի նախորդ աշխարհի առաջնություններում, այդ թվում Գերմանիայում՝ 2006 թվականին: Առաջնության ժամանակ հանցագործները միջինը հաջողացնում են աշխատել մինչև մոտ 70 միլիոն եվրո:










