Փոքր ՀԷԿ-երը լուրջ էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք. կարծիքներ
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը կարծում են, որ վերջին տարիների ընթացքում փոքր ՀԷԿ-երի զարգացման կառավարության քաղաքականությունը բերել է նրան, որ դրանք դարձել են լուրջ խնդիր էկոլոգիական, սոցիալ-տնտեսական տեսանկյունից, իսկ պատճառը օրենսդրական դաշտի բացերն են և վերահսկողության պակասը: Լուծումը բանախոսների համար մեկն է՝ անհրաժեշտ է քաղաքական կամք:
«Կառավարությունն ունի փոքր ՀԷԿ-երի զարգացման ծրագիր, ըստ որի Հայաստանում պետք է կառուցվի 300-ից ավելի փոքր ՀԷԿ: Դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կառավարությանը չի մտահոգում, որովհետև այսօրվա կառավարման համակարգը հիմնականում սպասարկում է բիզնես շահը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Գալստյանը:
Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ նույնիսկ բիզնես դաշտի տեսանկյունից անարդյունավետ քաղաքականություն է տարվում, քանի որ առանց հաշվարկելու, թե որքան ջուր կա գետում, մեծ հզորություններ են կառուցվում: «Այն գետերը, որոնց վրա կա մի քանի ՀԷԿ, արդեն այդ գետերի էկոհամակարգը գրեթե ոչնչացված է: Չկա նույնիսկ ՀԷԿ-երի ազդեցության ուսումնասիրություն»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանի կարծիքով, հիմա իրեն հարգող ցանկացած բիզնեսմեն փորձում է ՀԷԿ ունենալ և օլիգարխների այդ մրցավազքը հանգեցնում է էկոհամակարգի լուրջ վնասմանը: Ինչ վերաբերում է հասարակական դաշտի մասնակցությանը, ապա ըստ նրա՝ դա կրում է ձևական բնույթ, քանի որ ամեն ինչի համար քաղաքական կամք է պետք:
Հարցին, թե բնապահպանության նախարարի փոփոխությունից հետո ինչ-որ դրական փոփոխություններ նկատելի՞ են, Լևոն Գալստյանն ասաց, որ նախարարության պատասխանների բովանդակության մեջ, թերևս, փոփոխություն կա, քանի որ պատասխանները հիմա ավելի հիմնավորված են, սակայն միայն բարի ցանկությունը քիչ է, անհրաժեշտ է քաղաքական որոշում:
Լևոն Գալստյանը հայտնեց, որ ՀԷԿ-երն իրենց էլեկտրաէներգիան շատ թանկ գնով են վաճառում էլեկտրական ցանցերին: «Ստացվում է, որ մենք կառավարական համակարգով խրախուսում ենք այս բիզնեսը»,-ասաց նա:
Իսկ Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ ՀՀ-ն չունի բնապահպանության ոլորտում պետական քաղաքականությունը սահմանող որևէ իրավական փաստաթուղթ, թեև առկա է շրջակա միջավայրի պահպանության ազգային ծրագիր: Այնուհանդերձ, ըստ նրա, այդ ազգային ծրագիրը պետք է պետական ծրագրի ռազմավարության և քաղաքականության հիման վրա կառուցված լիներ:
Tert.am-ի հարցին, թե բացի էկոլոգիական համակարգի խնդիրներից, մենք ունենք նաև էլեկտրաէներգիայի խնդիր, և այս տեսանկյունից փոքր ՀԷԿ-երի զարգացումը կանխելը ինչպե՞ս է գնահատում, Լևոն Գալստյանն ասաց, որ կարծում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառներից մեկն այն է, որ փոքր ՀԷԿ-երը, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի մոտավորապես 7-8 տոկոսը, թանկ գնով են վաճառում:
«Ես հասկանում եմ, որ ցանկացած երկրի համար կարևոր է ունենալ անկախ էներգետիկ համակարգ, սակայն մենք որքան էլ ավելացնենք փոքր ՀԷԿ-երի դերը, 15 տոկոսից այն չի անցնի. այս առումով մեծ պոտենցյալ ունի արևային էներգետիկան»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:










