Ճապոնիան կվերացնի Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցների մի մասը

08:30 • 03.07.14

Ճապոնիան խոստացել է վերացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մի մասը պայմանով, որ Հյուսիսային Կորեան պետք է ներկայացնի Ճապոնիայի առևանգված քաղաքացիների մասին հետաքննության արդյունքները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:


«Պատժամիջոցների մի մասի վերացումը հնարավոր կդառնա, եթե մենք տեսնենք, որ Հյուսիսային Կորեան իսկապես մտադրված է լուծել հարցը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:


Պահանջվող ցանկը ստանալուց հետո Տոկիոյում այն կհամեմատեն առևանգված քաղաքացիների մասին տվյալների հետ: Ընդ որում՝ Ճապոնիայում հույս են հայտնել, որ Փհենյանը նաև տվյալներ կներկայացնի քաղաքացիների գտնվելու վայրի մասին:


Տոկիոյում համոզված են, որ 1970-ական թվականներից Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները առևանգել են Ճապոնիայի 17 քաղաքացու:


Հյուսիսային Կորեան նախկինում ճանաչել է այդ փաստը 13 մարդու առնչությամբ. նրանցից 5-ը կարողացել է վերադառնալ հայրենիք 2002 և 2004 թվականներին, ևս 8 գերի, Փհենյանի տվյալներով, մահացել է: Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ Հյուսիսային Կորեան չի բացահայտել 8 ճապոնացիների ճակատագրի մասին ողջ ճշմարտությունը, և նրանք հնարավոր է՝ կենդանի լինեն: