Գտնվելով Բաքվում՝ կաշկանդված չենք եղել արտահայտել մեր մտքերը. Ստեփան Մարգարյան

23:15 • 03.07.14

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել Բաքվում Արտաշես Գեղամյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք կոշտ արձագանքի էին արժանացել Հայաստանում: «Արտաշես Գեղամյանի ելույթ ասելով՝ բոլորը հասկանում են Մաքսային միության կամ Եվրասիական միության հետ կապված նրա հայտարարությունները, սակայն նա նիստերում նման ելույթ չի ունեցել, նա այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում է ասել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն առաջարկել էր, որ երեք երկիրը (Հայաստան, Ադրբեջան, ԼՂՀ) միասին մտնեն ԵՏՄ:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը չի կիսում Ադրբեջանին Եվրասիական միություն հրավիրելու վերաբերյալ Գեղամյանի կարծիքը: Հարցին՝ այդ դեպքում արդյո՞ք արդարացված է համարում Արտաշես Գեղամյանի հայտարարության վերաբերյալ հնչեցված քննադատությունները, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին և մեկնաբանություններ տալ գործընկերոջ ասածի կամ դրա վերաբերյալ քննադատությունների առնչությամբ:

Անդրադառնալով այն գնահատականին, թե Բաքու մեկնած մեր պատվիրակությունը հայրենիքում անվախի տպավորություն է թողել, պատգամավորն ասաց, որ այնտեղ իրենց նորմալ են ընդունել, անվտանգության հարցը կազմակերպված է եղել բավականին բարձր մակարդակով, և անվտանգության աշխատակիցները մշտապես ուղեկցել են իրենց՝ նույնիսկ հյուրանոցի ներսում: «Վախենալու կամ չվախենալու խնդիր մենք չենք ունեցել, ԵԱՀԿ ղեկավարության միջոցով էինք ստացել երաշխիք, ինչը կատարվել է: Գտնվելով Բաքվում՝ կաշկանդված չենք եղել արտահայտել մեր մտքերը»,-ասաց նա: