Ռուսական ուղղաթիռները խախտել են Ուկրաինայի օդային տարածքը
Ռուսաստանի մարտական ուղղաթիռներն այսօր երկու անգամ խախտել են Ուկրաինայի օդային տարածքը՝ Լուգանսկի շրջանում. տեղեկացնում է «Интефакс-Украина»-ն։
«Հուլիսի 3-ին ռուսական ուղղաթիռները օդային հետախուզություն և ցուցադրական թռիչքներ են իրականացրել ռուս-ուկրաինական սահմանին և երկու անգամ խախտել են Ուկրաինայի օդային տարածքը»,- հաղորդել են սահմանապահ ծառայության մամուլի բաժնից։
Համաձայն տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի Բելովոդսկ բնակավայրի մոտակայքում։
«Երկու Ми-8 և մեկ Ми-24 ուղղաթիռներ Ռուսաստանից մոտ 800 մետր հատել են սահմանը։ Որոշ շրջաններում խորացել են մինչև 3 կմ և վերադարձել են Ռուսաստան»,- հաղորդել են մամուլի ծառայությունից։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել այլ շրջանում, երբ երեք ուղղաթիռներ ցուցադրական թռիչքներ են իրականացրել և մինչև 7 կմ ներխուժել են Ուկրաինայի տարածք։










