«Դեպի Եվրասիական միություն» շարժումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը մի քանի օր ժամանակ էլ կտա

22:28 • 03.07.14

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամներից 15 օր ժամանակ էր խնդրել` պատասխանելու վերջիններիս հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ է Երևանյան լճին հարակից 10 հա հողատարածքը տրվել նրանց։ Շարժման անդամները հետաքննել և համոզվել են, որ գործարքն ապօրինի է կնքվել։
Նշված 15-օրյա ժամկետը թեև լրացել է, բայց շարժման անդամները մեծահոգի են, մի քանի օր էլ կսպասեն։ Այս մասին Tert.am-ին ասաց շարժման անդամ Արմենուհի Ղազարյանը։


«Պատասխանը չենք ստացել, մի երկու օր ուզում ենք ընդառաջել, որպեսզի հետագայում ուրիշ պատճառաբանություն չբերեն։ Պատասխանի համար արդեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 7-ին, կգնանք, կճշտենք, թե որն է խնդիրը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հենց այդ պատասխանից էլ կախված կլինեն շարժման հետագա քայլերը։

Հիշեցնենք, որ շարժման անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ 2003 թ-ին դեսպանատան համար հատկացված տարածքի վաճառքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գերատեսչություններին հարցումներ ուղարկելով՝ պարզել են, որ դեսպանատան տարածքը պաշտոնապես 8 հա է, որի համար վճարել են ավելի քան 2 մլն 300 000 դոլար, որը այդպես էլ քաղաքային բյուջե չի մտել։ Բացի այդ՝ նրանք տեղյակ են, որ համապատասխան Վիեննայի կոնվենցիայի՝ դեսպանատներին հատկացնում են կառույցներ, ո´չ թե հողատարածքներ, այն էլ՝ այդչափ մեծ տարածքով։
Նրանք ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ դեսպանատնից պահանջել են բացատրություն տալ, թե որքան գումար են վճարել և ում։