ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության խնդիրը մինչև տարեվերջ լուծում կստանա. Հ. Աբրահամյան

21:04 • 03.07.14

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն ԵՏՄ-ին կանդամակցի հուլիսի 3-ին, բայց նշեց, որ համոզված է՝ խնդիրը մինչև տարվա վերջ լուծում կստանա։
«Պայմանավորվածություն եղել է, որ նախագահները հանդիպեն հունիսի երեքին, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ խնդիրը լուծում կստանա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե Ղազախստանի Նախագահը հայտարարել էր, որ ՀՀ-ն հնարավոր է՝ ԵՏՄ-ին միանա հոկտեմբերին:


Հարցին՝ ինչն է ձգձգման պատճատը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե չգիտի. «Դեռ հայտնի չէ, բայց որևէ խնդիր չունենք, տեխնիկական խնդիրներ են»,-ասաց նա։
Դիտարկմանը թե մամուլի հրապարակումների համաձայն՝ ո´չ միայն տեխնիկական, այլ նաև՝ քաղաքական պատճառներ կան, վարչապետը նշեց, որ որևէ քաղաքական խնդիր չի տեսնում։
«Մենք հանդիպելու ենք ՌԴ վարչապետի հետ հուլիսի 11-ին, որը լինելու է աշխատանքային հանդիպում, քննարկվելու է նաև այդ հարցը։ Երբ վերադառնամ, մենք արդեն պատասխան կունենանք: Ես նաև տեղյակ եմ, որ ապագայում հանդիպելու են նաև երկու երկրի ` ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահները: Ամեն դեպքում՝ որևէ քաղաքական խնդիր չկա»,-ասաց նա և հավելեց, թե պետք է մի փոքր սպասել:
«Որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա մեջ, ես դրանում ուղղակի համոզված եմ»,- ասաց վարչապետը:


Վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվել 105 000 քաղաքացին, որոնց աջակցելու է Կառավարությունը, այն դեպքում, երբ երկրի բնակչության աղքատության ցուցանիշներով շատ ավելին են։ «Դա ես չեմ որոշել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունում է ուսումնասիրությունը կատարվել: Ավելացված ծախսը Կառավարությունն իր վրա է վերցրել, որ այդ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր չանեն»,-ասաց նա և թվարկեց Կառավարության նիստում ընդունված քաղաքացիներին աջակցելու որոշումները, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին, ինչպես նաև՝ Վարդենիսում տուժած բնակիչներին աջակցության հարցերը:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կարծում է, որ էլետրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, այլ հաշվարկների արդյունք է: «Մեթոդիկա է, որը որևէ կապ չունի քաղաքական հանձնարարականի կամ քաղաքական որոշման հետ: Դա զուտ թվերի հետ է կապված, և ես կարծում եմ, որ քառյակը նույնպես մասնակցել է, թափանցիկ և բաց են աշխատել: Յուրաքանչյուր Կառավարություն չի ցանկանա, որ որևէ սակագին բարձրանա, դա ուղղակի բացասական է անդրադառնում իշխանությունների վրա գործող: Իհարկե՝ մենք փորձելու ենք նաև մեր մասնակցությամբ, օժանդակությամբ մեղմել այդ բեռը, ինչքան կարող ենք: Պետք է նաև հասկանալ, որ Կառավարության հնարավորությունները ևս սահմանափակ չեն, բազմաթիվ խնդիրներ են լինում՝ ցրտահարություն, քամիներ, այսօր նաև Վարդենիսի բնակիչների համար որոշում ընդունեցինք»,-ասաց նա։
Նա հերյուրանք որակեց այն տեղեկությունները, թե Կառավարությունն անուշադրության է մատնել Վարդենիսի բնակիչներին: «Այս տարի գոնե յուրաքանչյուր նման աղետի մենք արձագանքել ենք կոնկրետ գործով»,-նշեց նա։