20 մլն դրամ կտրամադրվի Վարդենիսում քամուց տուժածներին. վարչապետը հրահանգեց նախարարներին մարզեր այցելելու գրաֆիկ կազմել

13:00 • 03.07.14

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր կառավարության հերթական նիստին լրացուցիչ առաջարկ ներկայացրեց՝ գումարային աջակցություն տրամադրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով տուժած բնակիչներին:

Կառավարությունը որոշեց տուժածներին ընդհանուր 20 մլն դրամ հատկացել, որը պետք է բաշխվի ըստ հրատապության:

Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց նախարարներին ամիսը մեկ անգամ գրաֆիկ ունենալ և այցելել մարզեր: Այդ մասով նա հանձնարարական տվեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

«Կարևոր և պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար ամիսը մեկ անգամ այցելի մարզ, շփվի ժողովրդի հետ, ծանոթանա նրանց խնդիրներին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: