Սահմանադրական փոփոխություններ կատարելու հասարակական պահանջ չկա. քննարկում

11:22 • 04.07.14

ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած հայեցակարգի` հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանն ու շրջանակների որոշակիացման հարցերի շուրջ այսօր կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Թևան Պողոսյանը և «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը: Բանախոսները կարծում են, որ այսօր չկա Սահմանադրական փոփոխություններ կատարելու հասարակական պահանջ:


Արտակ Զեյնալյանը ողջունեց հայեցակարգում նշված թեզը, քանի որ այդ դեպքում ժողովուրդը հնարավորություն կունենա սեփական գաղափարի համար հանրաքվե անցկացնել:


Չնայած դրան, նա նշեց, որ թե՛ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը, թե՛ 2005 թվականի խմբագրված տարբերակը չի ընդունվել ժողովրդի կողմից և չկա ընկալում, որ ժողովրդի կամքով է իրականացվում իշխանությունը:


Նրա համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխություններ կատարելուց առաջ նախ վստահություն է պետք ընտրական ինստիտուտների նկատմամբ, իսկ դա անվիճելի է, որ չկա: Արտակ Զեյնալյանը նշեց, որ թեև չկա փոփոխություններ կատարելու հասարակական պահանջարկ, սակայն փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է:


«Սահմանադրական փոփոխությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը»,-ասաց Արտակ Զեյնալյանը և նշեց, որ չի կարող ասել, թե այս փոփոխությունները կապված են Մաքսային միության հետ, թե ոչ:


Թևան Պողոսյանն ասաց, որ ցանկացած բարեփոխում կարող է անել լեգիտիմ իշխանությունը և քանի դեռ չկա ընտրական ինստիտուտի հանդեպ վստահություն, ինքն անիմաստ է համարում մասնակցել նման քննարկումներին: Նա նշեց, որ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն իշխանությունը ժողովրդին է պատկանում, ինչը փոփոխման ենթակա չէ:


Թևան Պողոսյանը համոզված է, որ նման ծրագիր իրականացնելու հանրային, քաղաքական պատվեր չկա: Բացի այդ նա նշեց, որ ժողովրդին պետք է ներկայացնել մի քանի տեսլական, որից հետո նա կընտրի, թե որ սցենարն է ընդունելի համարում:


«Ժողովուրդը պետք է ընտրի, թե մենք արդյո՞ք պատրաստ ենք այս սցենարով զարգանալուն, թե ոչ»,-ասաց Թևան Պողոսյանը:


Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ նշված չէր: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ ն Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում նշված է եղել Սահմանադրական բարեփոխումների թեզը, Թևան Պողոսյանն ասաց, որ ուրախ է, որ կարդում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերը, սակայն լավ կլիներ մյուս թեզերը ևս կարդային և կյանքի կոչեին: