Իշխանությունները պետք է բաց գործեն և ասեն ժողովրդին, թե ինչու է ձգձգվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը. քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կոչ է անում իշխանություններին՝ բաց գործել և հասարակությանը տալ ճշմարիտ տեղեկություն, թե ի վերջո՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը ինչով է պայամանավորված։
«Ժամկետների առումով Կառավարությունը պետք է հստակ ասի՝ ինչու է ձգձգվում։ Մենք Ղազախստանի արտգործնախարարի գրառումից ենք իմանում այդ մասին: Այս ավանդույթին Հայասանում պետք է վերջ դրվի, իշխանությունները պետք է բաց գործեն ժողովրդի հետ»,-Tert.am-ին ասաց քաղաքագետը։
Չնայած դրան՝ նա համոզված է՝ մինչև տարվա վերջ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը կստորգվի, որովհետև Ռուսաստանը դա ուզում է։ Ըստ նրա՝ Հայաստանի արժեքը գոնե՝ Ռուսաստանի համար բարձր է նախ՝ ռազմաքաղաքական առումով և հետո՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով։
«Հայկական սեպը կարևոր է պանթյուրքիստական այդ հոսանքի մեջ։ Ես ենթադրում եմ, որ ՌԴ-ի համար ԵՏՄ-ի մեջ, որի բաղադրիչներից մեկը պանթյուրքիզմն է, Հայաստանը հավասարակշռող տարր է»,-ասաց նա։
Իհարկե՝ նա հասկանում է՝ եթե ԵՏՄ անդամ մյուս պետությունների շահերին նայենք, ապա Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանից շահ չունեն, բայց քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի կամքը հաղթելու է։
«Թե ինչու է ձգձգվում՝ խոհանոցում չլինելով՝ դժվար է ասել, բայց մեզ համար կարևոր դաշինքը Ռուսաստանի հետ է»,-ասաց նա։
Իսկ թե արդյո՞ք այս գործում տեսնում է Ադրբեջանի գործոնը, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Տեսնում եմ այնքանով, որքանով կարող է պանթյուրքիզմի խնդիրը դրվել՝ ինչպես Նազարբաևն ասաց, բայց մեր արժեքները հենց դրա մեջ են, որը Ռուսաստանը կարևորում է»:
Շիրինյանը խնդրում է մեկ բան չմոռանալ ու այդքանով հանդերձ՝ չգերագնահատել ՀՀ-ի դերը, որտեղ արտագաղթ է, երկիրն ապրում է տրանսֆերներով, գիշեր-ցերեկ հեռուստաէկրանից չեն իջնում դժգոհ քաղաքացիների հետ բախումների գնացող ոստիկանները. «Պետք է հասկանալ, որ Հայաստանի համար ոչ մեկը չի խելագարվում, Արևմուտքում ընդհանրապես չեն խելագարվում, Արևելքում էլ շատ քիչ են խելագարվում, այնպես որ՝ գործընթացը շարունակվում է, տեսնենք»։










