Հայ-թուրքական սահմանի բացման մասին Taraf-ի հրապարակումն ապատեղեկատվության դաշտից է և այլ նպատակ ունի. կարծիքներ

17:21 • 04.07.14

Հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կերպարը և մոտեցող նախագահական ընտրությունները, շատ քիչ է հավանական, որ նա կարող է զոհել ազգայնական քվեները և բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրքական Taraf պարբերականի հրապարակմանը, թե Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը:
 

«Տեղեկատվական այս պատերազմի դարում մամուլն օգտագործվում է որոշակի մեսիջներ ուղարկելու, և երբեմն նաև հասարակության ու քաղաքական շրջանակների դիրքորոշումն ստուգելու համար»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, թե եթե այս տեսանկյունից մոտենանք, ապա պետք է ասենք, որ սա մի խայծ էր կամ մեսիջ՝ ինչ-որ բաներ ճշգրտելու համար:


«Այս հայտարարության ձևն արդեն իսկ որոշ հարցականներ առաջացնում են, քանի որ նշվում է, որ Էրդողանը կարգադրել է բացել սահմանը, բայց մինչև սահմանի բացելը կան որոշակի ընթացակարգեր՝ արձանագրությունների վավերացում, դիվանագիտական հարաբերությունների փոխադարձ հաստատում և այլն:


Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ սա առավելապես պետք է դիտարկել տեղեկատվական պատերազմների, իսկ երբեմն նաև ապատեղեկատվության ծիրում: Թուրքագետի բնորոշմամբ՝ այս կարծիքը հայտնելու համար իրեն հիմք է հանդիսանում Էրդողանի քաղաքական կերպարը և հատկապես այն, որ մոտեցող նախագահական ընտրություններում դա կլինի մեծ հարված նրա քաղաքական վարկանիշին, քանի որ հակառակորդ թիմը դա կօգտագործի հակաքարոզչության և ազգայնական, հակահայկական ձայները խլելու համար:


Ռուբեն Մելքոնյանը չբացառեց նաև, որ սա կարող է Էրդողանի հակառակորդ թիմից որոգայթ լինի լարված հենց Էրդողանի համար:


Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ լուրը, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը, ապատեղեկատվություն է: Ըստ նրա, եթե նույնիսկ այդպիսի մտադրությունն էլ լինի, այդ նախաձեռնությունը թուրքերը ևս կձախողեն:


Հակոբ Չաքրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թուրքական մամուլում նշված է նաև, թե Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ է բացելու սահմանը, իսկ ճնշման տակ բացվող սահմանը կարելի է հեշտությամբ փակել կամ կամակորություններ անել՝ Հայաստանի համար նոր խնդիրներ առաջացնելով:


Հարցին, թե սա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ քայլ չե՞ք համարում, թուրքագետը պատասխանեց, որ հնարավոր է այդպես լինի, սակայն նա այդ տեղեկատվությունը լուրջ չի ընդունում:


«1991 թվականից առ այսօր Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ որևէ առաջընթաց քայլ չի կատարվել: Սահմանի բացման մասին անընդհատ խոսում են, իսկ հետո հարցը սակարկում են և այն փակվում է: Ես չեմ կարծում, որ սահմանի բացման թուրքական մտադրությունն անկեղծ լինի»,– ասաց նա:


«Առայժմ Թուրքիայի քաղաքականությունը հաստատապես հակահայկական է , անկախ նրանից սահմանը կբացվի, թե՝ ոչ: Պետք է ոչ թե սահմանից սկսել, այլ միջպետական հարաբերությունների հաստատումից, որից հետո սահմանն ինքնստինքյան կբացվի»,- նշեց նա և ավելացրեց, որ անկախ ամեն ինչից Թուրքիայի ԱԳՆ-ն լրատվամիջոցներին ուղղորդում է:


Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ևս անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, ասաց, որ թերթի կողմից նման տեղեկատվության տարածման պատճառը, հավանաբար, վարչապետին վարկաբեկելն է եղել, քանի որ Taraf թերթը խնդիր ունի ներկա իշխանությունների հետ և խոսակցություններ կան, որ նույնիսկ այն պետք է փակվի:


Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին սպասելի՞ է, որ Թուրքիայի կողմից սահմանի բացման հարց բարձրացվի, Կիրո Մանոյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է»: