Հալեպի հայաշատ թաղամասը դարձյալ հրթիռակոծվել է. կան հայ վիրավորներ

10:09 • 04.07.14

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասը երեկ և այս գիշեր դարձյալ հրթիռակոծության է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումների կողմից Նոր գյուղի ուղղությամբ արձակված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում երկու հայ կա։ Նրանք են Հարութ Չորբաջյանն ու Դավիթ Մեյխանաճյանը։

Եղել են նաև զոհեր՝ թաղամասը պաշտպանող զինծառայողների շրջանում։ Գրանցվել են նյութական կորուստներ, վնասվել են շենքեր, բնակարաններ։

Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ Նոր գյուղի մոտ բախումներն ու լարված իրավիճակը շարունակվել են նաև գիշերը և հրթիռակոծությունների ու փոխհրաձգության ձայներ են լսվել։


Հալեպում շարունակվում է նաև ջրի բացակայության խնդիրը։ Մոտ 1 ամիս առաջ պայթյունի հետևանքով շարքից դուրս եկած ջրամատակարարման ցանցը վերանորոգելը դժվար է շարունակվող բախումների պատճառով։ Քաղաքի ավելի քան 1 մլն բնակիչներ զրկված են մաքուր ջուր ունենալու հնարավորությունից։


Հալեպում հիմնականում օգտագործում են եկեղեցիների, մզկիթների, դպրոցների բակերում փորված հորերի ջրերը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։