Համաշխարհային բանկը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլար

14:56 • 04.07.14

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 300 միլիոն դոլարի փոխառությունը՝ Ուկրաինայում սոցիալական պաշտպանության համակարգի մոդերնիզացման նախագծի իրականացման համար, հաղորդում է Интерфакс-Украина-ն:


«Նոր նախագիծը կօգնի բարձրացնել սոցիալական օգնության համակարգի և սոցիալական ծառայությունների կատարողականությունը ցածր եկամուտով ընտանիքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում էն նաև, որ Ուկրաինան ձեռնարկում է մի շարք կարևոր բարեփոխումներ, այդ թվում գազի սակագնի բարձրացման հարցում: «Մենք չենք ցանկանում, որ սակագների բարձրացումը, օրինակ, չափազանց մեծ ազդեցություն ունենա առավել խոցելի խմբերի վրա»,- ընդգծել են Համաշխարհային բանկում:


Մայիսի 26-ին Ուկրաինայի կառավարությունը և Համաշխարհային բանկը ստորագրել են վարկային համաձայնագրեր 1,48 միլիարդ դոլարի գումարի երեք նոր նախագծերի իրականացման մասին: