Օմբուդսմենի հայտարարությունն Աֆրիկյանների տան ապամոնտաժման մասին արդեն անիմաստ էր. Վիլեն Գաբրիելյան

21:48 • 04.07.14

ՀՀ քաղաքացի (ֆեյսբուքում հայտնի Նավակ ճոճող անունով) Վիլեն Գաբրիելյանը ուշացած է համարում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը Աֆրիկյանների տան ապամոնտաժման մասին:
«Կարծում եմ՝ Օմբուդսմենի հայտարարությունն արդեն անիմաստ էր, որովհետև շենքը քանդել, վերջացրել են: Մենք էլ ենք հասկանում, որ օրենքում շատ թերություններ կան, սակայն կարող էին շատ ավելի շուտ արձագանքել, այդ շենքն էլ փորձել պահպանել»,-ասաց նա՝ անդրադառնալով օմբուդսմենի հայտարարությանը, ըստ որի՝ օրենսդրության մեջ թերի են հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:


Հարցին՝ եթե օմբուդսմենի հայտարարությունը լիներ ավելի վաղ, ինչ-որ բան կփոխվե՞ր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվեր, սակայն դա որոշակի ազդեցություն կունենար գործընթացի վրա»:

Վիլեն Գաբրիելյանի կարծիքով՝ հետագայում որևէ հուշարձանի պահպանության համար այնպես է պետք պայքարել, որ ոչ ոք չկարողանա մի քար անգամ ապամոնտաժել:

Հարցին՝ այսինքն՝ պայքարը թույլ էր, այդ պատճառո՞վ չհաջողվեց պահպանել շենքը, նա պատասխանեց. «Չեմ կարծում՝ թույլ էր, պարզապես ավելի լայն հասարակական համախմբում չստացվեց, մենք էլ պետք է մի քիչ ավելի կտրուկ գործեինք, ո´չ թե հույսներս դնեինք դատարանի որոշման վրա»: