Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չի կարող արգելել Կոնչիտա Վուրստի համերգը Ռուսաստանում
ՌԴ մշակույթի նախարարությունը չունի իրավասություններ «Եվրատեսիլ 2014-ի» հաղթող Կոնչիտա Վուրստի համերգը Ռուսաստանում արգելելու կամ թույլատրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, գրում է ria.ru-ն:
Եվրատեսիլում ավստրիացի Թոմաս Նոյվիրտի հաղթանակը, ով ելույթ էր ունենում Կոնչիտա Վուրստի կերպարով, ոչ միանշանակ արձագանքի էր արժանացել Ռուսաստանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդրական մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմում է ուղղել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիին՝ խնդրելով արգելել Վուրստի համերգներով այցը Մոսկվա:
«Մշակույթի նախարարության իրավասությունների մեջ չի մտնում ո՛չ թույլտվությունը, ո՛չ արգելքը: Համերգային գործունեությունը կարգավորվում է այնպես, ինչպես ցանկացած այլ ազատ ձեռնարկատիրական գործունեություն Ռուսաստանում»,- ասել է Մեդինսկին:










