ԱՄՆ-ում սառեցրել են պատմության մեջ ամենաթանկարժեք զենքի կիրառումը
Lockheed Martin ամերիկյան ընկերության ստեղծած կործանիչները չեն կարողանա օդ բարձրանալ, քանի դեռ զինվորականները չվերջացնեն ստուգումները, որոնք սկսվել են՝ կապված այս մոդելին պատկանող ինքնաթիռներից մեկի շարժիչի բռնկման հետ:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Reuters-ին հղումով, Պենտագոնը որոշել է նման քայլի գնալ Ֆլորիդայի ավիաբազայում հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ բռնկվել էր F-35 կործանիչներից մեկը: Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ պաշտոնյաները դեռևս չեն կարող հայտնել հրդեհի բռնկման պատճառը, որը տեղի էր ունեցել թռիչքի փորձնական դասընթացի ժամանակ:
Այս միջադեպը վերջինն է, որը ցույց է տվել Պենտագոնի ամենաթանկ նախագծերից մեկում առաջացած խնդիրները: Այն ուղղված է F-35 Joint Strike Fighter-ի սպառազինմանը և գնահատվում է մոտ 400 մլրդ դոլար: Մինչ այդ միջադեպը F-35 կործանիչներից մեկից թռիչքի ժամանակ վառելիքի արտահոսք էր եղել:
Պենտագոնի ամենաթանկարժեք նախագծի քննադատների համբերության բաժակը լցվեց, երբ Պենտագոնը հայտնեց, որ Stealth անտեսանելիության տեխնոլոգիան կիրառող և ամենաժամանակակից լուծումներն ստացած կործանիչը, որը անխոցելի է հակառակորդի ինքանթիռներից, վախենում է կայծակից: F-35-ի փորձնական թռիչքները ցույց տվեցին, որ կործանիչը խոցելի է էլեկտրական լիցքերից: Այդ իսկ պատճառով Պենտագոնն արգելել է փորձնական թռիչքները ամպերին մոտ տարածքներում, որոնցում կարող են կայծակներ առաջանալ:
ԱՄՆ-ն մտադիր է սպառազինման ընդունել շուրջ 2500 F-35 ինքնաթիռ, դեռևս դրանք 97-ն են: Թուրքիան և Ավստրալիան հայտնել են 100 նման կործանիչ գնելու մտադրության մասին:










