Հասնելու ենք նրան, որ վրացական ավիաշուկան քաղաքացիների համար ավելի գայթակղիչ չլինի. էկոնոմիկայի փոխնախարար

09:18 • 04.07.14

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Բաց երկնքի» քաղաքականությանը, նշեց, որ մեկ տարվա կտրվածքով ինքնաթիռների շարժի 50 տոկոսանոց աճը հիանալի ցուցանիշ է, որը փորձելու են պահպանել մինչև տարեվերջ  ու նաև դրանից հետո: «Աշխատում ենք այդ ուղղությամբ, վերացնում ենք բոլոր սահմանափակումները ներկայիս համաձայնագրերում, փորձում ենք ներգրավել խոշոր և հայտնի ավիաընկերությունների ինչպիսիք են՝ British Airlines-ը,Qatar Air-ը, Etihad-ը և այլն»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ բանակցություններ են վարվում նաև բյուջետային ավիաընկերության հետ:


-Պարո՛ն Ավետիսյան, տևական ժամանակ է, ինչ մեկնարկել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, և իշխանությունները գոհ են, որ կա ուղևորահոսքի ավելացում:  Թվարկեք խնդրեմ վերջին՝ ամենաթարմ տվյալները, եթե այդպիսիք կան:

-«Բաց երկնքի» քաղաքականությունը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին, եթե չեմ սխալվում: Ունենք բավական դրական ցուցանիշներ, որ այս քաղաքականությունը փաստացի աշխատում է: Հինգ ամիս մենք ունեցել ենք աճ. խոսքը ինքնաթիռների շարժի մասին է: Այսինքն՝ 1-ին ամսին եղել է մոտ 11 տոկոս, հետո 13,6, 17,1, 39,8, իսկ մայիսին ունեցել ենք 50 տոկոս աճ՝ 2013-ի մայիսը 2014-ի մայիսի հետ համեմատած: Եվ հունիսին ունեցել ենք 45, 5 տոկոսի աճ, միջինում ստացվում է, որ կես տարվա ընթացքում կիսամյակը կիսամյակի համեմատ՝ ունեցել ենք 29,3 տոկոսի աճ ինքնաթիռների շարժի մեջ: Ուղևորների մասով, եթե ամիս-ամիս հարևանությամբ գնանք, ինքնաթիռների հոսքը աճել է 25,7 տոկոսով կիսամյակային, իսկ մայիս ամսին այդ ցուցանիշը եղել է 36,9 և 47,4 տոկոս աճ՝ հունիս ամսվա համար:


- Սա դրական կողմերի մասին, դա իր հետ ինչ-որ բացասական բաներ բերե՞լ է:


-Կարծում եմ՝ ոչ, քանի որ շատ ուղևորներ՝ նշանակում է գների իջեցում, նշանակում է շուկայի աշխուժացում, տուրիստների հոսք, ավելի լավ հնարավորություններ։


-Այսուհանդերձ, կա տարածված կարծիք, որ ողջ աշխարհում տարեց տարի ուղևորների թիվն ավելանում է: Սա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից, ըստ «Բաց երկնքի» նկատմամբ ընդդիմախոսների, երկրում կա արտագաղթ, մարդիկ գնում-գալիս են, որովհետև այստեղ՝ Հայաստանում ինչ-որ կիսատ-պռատ գործեր ունեն:


-Արտագաղթը,  «գնում-գալիս են»-ը չի , արտագաղթը՝ գնում են, իսկ «գնում-գալիս են»-ը ուղևորահոսքն է, որի մասին հիմա խոսում ենք. տուրիզմ, տնտեսություն և այլն: Ինչ վերաբերում է համաշխարհային տենդենցներին, չեմ կարող միանշանակ ասել, քանի որ չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, բայց, կարծում եմ, որ այո՛, ավիափոխադրողները, ինչպես նաև մնացած բոլոր տնտեսության բաղադրիչներն աշխարհում, աճի միտում ունեն, բայց եկեք բոլորս համաձայնենք, որ 50 տոկոսանոց աճը չի կարող լինել երկրագնդին բնորոշ ինչ-որ բան: Սա բավականին մեծ ցուցանիշ է:


-Ընդդիմախոսություն՝ մեկ այլ կտրվածքով. այն, որ ռուսական ընկերությունները դեմպինգ են անում, և շուտով Air Armenia ընկերությունը կսնանկանա նաև այն պատճառով, որ մեր երկրից ելից ու մտից ուղղությունները այս ընկերության և ռուսական ընկերությունների համար անհամաչափ են:


-Հայաստանում  դեմպինգի վերաբերյալ կա օրենք, որը արգելում է դեմպինգին բնորոշ բոլոր գործառույթները: Եթե կա նմանատիպ իրավիճակ, վստահ եմ, որ մենք ունենք մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով, եթե, իհարկե, կա օրենքի խախտում: Air Armenia-ի հետ մենք բավականին համագործակցում ենք և այնքան էլ համաձայն չեմ, որ ռուսական ավիաընկերությունները դեմպինգ են անում: Այո՛, շատ դժվար է մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Air France-ը, «Աէրոֆլոտ»-ը և այլ խոշոր ընկերություններ, սա ուրիշ հարց է, բայց եկեք այն չանվանեք՝ դեմպինգ, որովհետև այն ինքն իրենով հակաօրինական է:


-Չէ՛, խոսենք ըստ էության դեմպինգի մասին:


-Դեմպինգն ըստ էության չի լինում. կամ չկա այս երևույթը, կամ կա դեմպինգ՝ օրենքի խախտում:


-Մինչև տարեվերջ այս 50 տոկոսանոց ցուցանիշը ավելի մեծացնելու կամ պահպանելո՞ւ եք:


-Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի, այո՛, թիվը գոնե չնվազի: Բայց նույնիսկ եթե նվազի, միևնույն է՝ 50 տոկոսը դա կտրուկ ցուցանիշ է: Մենք հույս ունենք, որ այդ դրական ցուցանիշները պահպանվելու են, աշխատում ենք այդ ուղղությամբ, վերացնում ենք բոլոր սահմանափակումները ներկայիս համաձայնագրերում, փորձում ենք ներգրավել խոշոր և հայտնի ավիաընկերությունների ինչպիսիք են՝ British Airlines-ը, Qatar Air-ը, Etihad-ը  և այլն: Այսօրվանից մեկնարկում է Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերություններից մեկի՝ Etihad -ի թռիչքները շաբաթական չորս անգամ դեպի Աբու Դաբի:



-Այսուհանդերձ, ՀՀ քաղաքացիները շարունակում են Վրաստանից թռչել, որտեղից հնարավորություն կա մի քանի ամիս առաջ տոմս պատվիրելով՝ 50 եվրոյով թռնել:


-Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ երևույթը վերանա, որ մարդիկ ցանկություն չունենան Վրաստանով թռչել: Եթե ցանկանում են մեկ օր էլ Թբիլիսիում անցկացնել, խնդրեմ, բայց ոչ նրա համար, որ հինգ ժամ գնան-գան էժան թռնելու համար: Մենք ունենք ցանկություն՝ հասնելու նրան, որ վրացական շուկան չլինի ավելի գայթակղիչ մեր քաղաքացիների համար:


-Վրաստանն այդ հնարավորությունն իր համար ստեղծել է բյուջետային ավիաընկերությունների թռիչքների հաշվին: Նորանշանակ նախարարն ասել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը ինչ-որ բանակցություններ է վարում նման մի ընկերության հետ…


-Այո՛, մենք վարում ենք բազմակողմ բանակցություններ, կան նաև բյուջետային ավիաընկերություններ, որոնց հետ մենք վարում ենք բանակցություններ: Սա մի քիչ այլ հարթության հարց է: Չեմ կարող նշել ժամկետներ, բայց բանակցություններ վարվում են: