Ըստ Ստեփան Մարգարյանի՝ քառյակը Արթուր Բաղդասարյանի հանրահավաքից մտահոգվելու բան չունի
Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ անհանգստացած չեն, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ըստ էության, առաջ է անցնում քառյակից ու Ազատության հրապարակում հանրահավաք անում:
-Պարոն Մարգարյան, մինչ քառյակը չի վերանայում աշնանը հանրահավաք անելու իր ծրագրերը, Արթուր Բաղդասարյանը առաջ է ընկնում ու Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի բարձրացման հարցով հանրահավաք է անում: Սա Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Արթուր Բաղդասարյանը կառաջնորդի պրոցեսները:
-Իհարկե, չկա մտավախություն, ի՞նչ խնդիր կա:Մենք գտնում ենք, որ որքան շատ երկրի առաջ կանգնած խնդիրները քննարկեն քաղաքական ուժերը, այնքան լավ: Արթուր Բաղդասարյանը քաղաքական ուժ է, որոշել է իր կուսակցությունով անել հանրահավաք, և նորմալ եմ ընդունում:
-Իսկ հնարավո՞ր է, որ ձեր կուսակցությունից մարդիկ ուղարկվեն որպես աջակցության խմբեր, որովհետև ինքը բարձրացնում է հարց, որին կողմ է նաև քառյակը:
-Եթե մենք ունենք ասելիք, ապա ինքներս ենք անում, ոչ թե ուրիշի միջոցով ենք անում: Հիմա ով կգնա, ինչ կանի, ես չգիտեմ:
-Պարոն Մարգարյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «մենք մազոխիստ չենք, որ հոսանքի սակագին բարձրացնենք, այլապես հովհարային անջատումներ են լինելու»: Ձե՛ր մեկնաբանությունը:
-Դա նշանում է ընդամենը մեկ բան՝ ռեսուրսների վատնում: Մենք գտնում ենք, որ հնարավոր է առանց հոսանքի գինը բարձրացնելու այդ բոլոր խնդիրները լուծել: Գիտեք ինչ կա, եթե համակարգի աշխատողը կարող է հարյուրավոր միլիոնների պարգևատրում ստանալ, աշխատողներն էլ՝ տասնյակ միլիոնների պարգևատրումներ գրել և դա մտցնել ծախսերի մեջ, ու մեր ժողովուրդը տասնապատիկ վճարի, ուրեմն պետք է համարենք, որ ժողովուրդն է մազոխիստը: Որ ուրիշների հարյուրավոր միլիոնավոր դրամի ծախսերը անում ենք մենք:










