Թուրք իրավապաշտպանը ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ներկայացուցիչներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանն ու Գագիկ Մելիքյանն այսօր հանդիպել են հայտնի թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռաքըպ Զարաքօլուի հետ:
Այս մասին հայտնում են ՍԴՀԿ Մամլո դիվանից։
Հանդիպման ընթացքում թուրք իրավապաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունն ու համաձայնել է ՍԴՀԿ ներկայացուցիչների այն դիտարկման հետ, որ ժամանակն է նաև պաշտոնական Անկարայի հետ խոսել պահանջատիրության լեզվով:
«Հայերինը պետք է վերադարձվի հայերին»,- նշել է Զարաքօլուն և հավելել, որ Թուրքիա պետությունը հիմնվել է հայերի և հույների հողերի վրա:
Զարաքօլուն նաև հանդիպել է Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ներկայացուցիչների հետ:










