Թբիլիսիի նախկին քաղաքապետին փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել
Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Միացյալ ազգային շարժման» ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Ուգուլավային, ով ձերբակալվել էր հուլիսի 3-ին մայրաքաղաքի օդանավակայանում, պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել խոշոր չափով փողերի լվացման, ինչպես նաև Մառնեուլի քաղաքում շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վրա ճնշում գործադրելու համար, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է նախկին քաղաքապետի փաստաբան Գիզո Ուգլավան: Նրա տեղեկություններով՝ Ուգուլավան չի ճանաչում իր հասցեին ուղղված մեղադրանքները և իրեն քաղբանտարկյալ է համարում:
Հունիսի 3-ին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում հատուկ բրիֆինգի ժամանակ հայտարարել են, որ Ուգուլավան ղեկավարել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին պատկանող օֆշորային ընկերություններից փողերի խոշոր գումարների օրինականացմամբ: Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ներկայացուցչի տեղեկություններով՝ անօրինական միջոցները նախատեսված են եղել «Միացյալ ազգային շարժման» նախընտրական արշավը ֆինանսավորելու համար: Այդ մեղադրանքով նախկին քաղաքապետին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում:
Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունում Ուգուլավայի ձերբակալումը տեղական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին կապում են «երկրում գլխավոր ընդդիմադիր ուժը» թուլացնելու իշխանությունների ցանկության հետ:










