Ինչո՞ւ էր Սևանից հավելյալ ջուր բաց թողնվում, եթե Արարատյան դաշտի հին հորատանցքները վերաբացվում են. բնապահպան
Կասկածները, որ Սևանա լճից ջուրը բաց է թողնվում ոչ թե Արարատյան դաշտում ոռոգման խնդիրն ապահովելու, այլ լճի ջրի մակարդակն իջեցնելու համար գտնում են իրենց ապացույցները Արարատյան դաշտի հորատանցքերը վերաբացելու մասին հայտարարություններից հետո: Այս մասին Tert.am –ին հետ զրույցում նշեց «Էկոլոգիական դաշինք» հասարակական կազմակերպության անդամ Սիլվա Ադամյանը:
«Ուրեմն, փաստորեն, մենք վերադառնում ենք նախապատմությանը, երբ որ հասարակական կազմակերպությունները անընդհատ կրկնում էին, որ Սևանի ջուրը բաց է թողնվում, որպեսզի ջրի տակ չհայտնվեն այն բոլոր օբյեկտները, որոնք Սևանի ափին են: Եվ մեր մտավախությունները, որ մենք հնչեցրել ենք և՛ ԱԺ-ում, և՛ նախագահին ուղղած նամակում, ինչ մենք մտածում էինք, էդ ամեն ինչը կատարվում է»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունեց, իբր, անհրաժեշտությամբ, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի խնդիր կա։
Երեկ բնապահպաններին Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը բնապահպաններին հայտնել էր, թե Արարատյան դաշտում վերաբացվում են 75 հին հորեր՝ փակել էին, նորից բացում են:
«Եվ մենք պետք է նոր հետազոտություն անենք, ինչպես որ գնացինք Արարատի մարզի գյուղացիներից հարցրինք Սևանից ջուր բաց թողնելու որոշումից հետո, թե արդյո՞ք փոփոխություն եղե՞լ է և իրենց ջուր ստանում են: Իրենք ասացին՝ չէ, ոչ մի փոփոխություն չկա, և նույնիսկ գտնվեցին մարդիկ, ովքեր ասացին, որ մենք համաձայն չենք, որ նույնիսկ ջուր չունենալու դեպքում էդ ջուրը գա Սևանից»,-նշեց բնապահպանը:
Սիլվա Ադամյանը նշեց, որ հավաստիացումները, թե ձկնաբուծարանները ջուրը երկակի օգտագործման նկատառումներով տրվելու է գյուղացիներին չի տրվում, և ջուրը Արաքսով գնում է դեպի Թուրքիա:
Հիշեցնենք, որ բնապահպանները տևական ժամանակ է կազմակերպում են «Բիբլիական աղետ» անվանմամբ ֆիլմի ցուցադրությունը, նվիրված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների շահագործմանը, հրապարակվում են տվյալներ, ըստ որոնց, Բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին է տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով ավելի է:
Արդյունքում, ըստ ֆիլմի ստեղծողների, 7 տարվա ընթացքում 303 հորերից 102-ը չորացել են՝ իրենց հետ չորացնելով նաև այլ աղբյուրներ, 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր և 75 տոկոսով նվազել է Ակնա լճի ջրի հոսանքը:
«Ու պարոն Մկրտումյանը էդ հորերի մասին ասաց, որ դա էլ բավական չէ, էլի պետք է բաց թողնենք: Ես էլ ասացի, որ պարո՛ն Մկրտումյան, եթե այսպիսի կառավարում լինի, ոնց որ Դուք եք կառավարում, ապա ամբողջ Սևանն էլ բաց թողնեք՝ չի բավարարի ձեզ»,– ասաց Սիլվա Ադամյանը:










