Գյուղատնտեսության համար տարին բարենպաստ չի եղել. Հրաչ Բերբերյան
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է, որ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ չի եղել: «Պտղի, հատկապես` ծիրանի հարցում ունենք խնդիրներ, բանջարեղենի, կարտոֆիլի բերքն անցյալ տարվա համեմատ ավելի լավ է» ,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ անհանգստացնող է անասնապահության ոլորտը, քանի որ շուկայում ոչխարի, խոզի, տավարի մսի գները թանկացել են: Մսի գնի թանկացման պատճառներից մեկը նա համարեց արտագաղթի հետևանք, քանի որ անասնապահությամբ ավելի քիչ մարդ է զբաղվում:
«Այն քանակը չկա, որը կապահովեր ցածր գին: Գների աճը բերում է նրան, որ որոշ ֆերմերներ շահույթ են ստանում, սակայն բնակչության համար դա բացասական է»,-ասաց նա:
Հարցին՝ եթե համեմատություն անցկացնենք, գյուղատնտեսության ոլորտը գնալով զարգանու՞մ, թե՞ անկում է ապրում, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Գնահատականներ դեռ շուտ է տալ, աշնանը մենք այդ հարցին կանդրադառնանք»:










