ՀՀԿ-ականները հաճախ օրենքներ են ընդունում, որ հենց իրենց գործարարներին կարող է վնասել. Թևան Պողոսյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե դժվար չէ՞ խորհրդարանում մենակ աշխատել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ասաց, թե համեմատաբար դժվար է, սակայն շարունակեց. «Բայց մենք որևէ անգամ չենք հայտարարել, թե մեր թիվը պետք է ավելանա: Մենք դրա կարիքը չունենք: Մարդիկ թող իրենք քաղաքական գործունեությունը շարունակեն, թող մտածեն այն խմբակցությունները, որտեղ 6-7 հոգի կա, բայց փաստացի 1-2 հոգի է: Եթե ուշադիր հետևել եք, ապա նկատած կլինեք, որ երբեմն 5 հոգանոց խմբակցությունում 5 կարծիք է լինում»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:
Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Վահրամ Բաղդասարյանի խոսքին՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն ասաց, թե խորհրդարանը մի վայր է, որտեղ մարդիկ իրար հետ բանավիճում են և փորձում են հասնել ճշմարտությանը, ընդունել օրենքներ, որոնք դառնում են բոլորի օրենքները:
«Այնպես որ՝ խմբակցությունները, որոնք եկել են յոթ հոգով և հիմա երկուսն են, իրենք էլ բազմակարծության հարց են լուծում, իրենք ազատ են և անկախ: Իսկ խմբակցությունները, որոնք եկել են 67 հոգով և բոլորը միասին որևէ անգամ չեն փորձում նույնիսկ՝ իրար մեջ բանավիճել, օրենքներ են ընդունում, որ հենց իրենց՝ գործարարներին կարող է վնասել: Ինձ թվում է՝ դա ավելի ոչ առողջ իրավիճակ է, քան այն խմբակցություններում, որտեղ մարդիկ կարող են բազմակարծիք լինել»,-արձագանքեց Թևան Պողոսյանը:










