Մեր Սահմանադրությունը կենսագործված չէ. միջազգային իրավունքի փորձագետ

11:54 • 05.07.14

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը կարծում է, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը կենսագործված չէ, և դեռ կիրառման փուլում է գտնվում, ինչի համար էլ թերություններն ակնհայտ չեն հասարակության համար:


Նա հայտնեց, որ 1995 թվականին ընդունված մեր Սահմանադրության նախատիպը վերցված էր Ֆրանսիայի Սահմանադրությունից, սակայն 2005 թվականին, երբ փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում, ավելի շատ տարբերություններ նկատվեց Ֆրանսիայի Սահմանադրությունից:


Նրա կարծիքով, նորմալ է երբ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվում և միշտ էլ դրա անհրաժեշտությունը կա, սակայն գտնում է նաև, որ այսօր հասարակության համար դա առաջնային խնդիր չէ: «Ցանկացած բարեփոխում ավելի լավ է քան նախորդը»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես երկրի կառավարման ձևի փոփոխմանը, Տարոն Սիմոնյանն ասաց, որ թեև դա կնպաստի կուսակցությունների զարգացմանը, սակայն կարծում է, որ կառավարման ձևի փոփոխությունն այսօր ևս առաջնային չէ, քանի որ դրանից չէ կախված երկիրը ժողովրդավար է, թե ոչ:


Ըստ նրա՝ այսօր հասարակությունը Սահմանադրության արժեքը լիարժեք չի գնահատում: «Մենք երկար ժամանակ պետականության մշակույթ չենք ունեցել և պետք է որոշ ժամանակ անցնի, որպեսզի ավելի շատ գիտակցվի Սահմանադրության նշանակությունը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:


Փորձագետը, թեև կիսում է այն կարծիքը, որ ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակության մեջ վստահություն չկա, և այդ պատճառով սահմանադրական փոփոխությունները վաղ է իրականացնել, սակայն սխալ է համարում նաև՝ ոչինչ չանել մինչ մարդկանց վստահությունը կվերականգնվի: «Զուգահեռ պետք է աշխատել»,- հավելեց նա: