Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն աշխարհը ղեկավարող կենտրոնների մշակած սցենարի մաս է. Աշոտ Մանուչարյան

19:00 • 06.07.14

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բացառապես պայմանավորված է աշխարհը ղեկավարող կենտրոնների ցանկությամբ և ընթանում է մշակված սցենարի համաձայն, որի մեջ, սակայն, չեն մտնում պատերազմական գործողությունները։ Աշոտ Մանուչարյանը բացատրեց, թե ինչ հեռահար նպատակների համար է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ուժեղանում և վերոնշյալ սցենարի համաձայն՝ իրականում ում դեմ է զինվում Ադրբեջանը։

«Միջազգային հանրություն, նման բան գոյություն չունի, գոյություն ունեն կենտրոններ, որոնք կառավարում են իրավիճակը, և հենց իրենց կառավարման արդյունքն է, նրանց, ովքեր չեն խոսում, բայց ծափահարում են. ինչքան էլ մեր նախարարը խոսի, նրանց նախարարը խոսի, դա նորմալ է։ Իհարկե, դա որոշակի սահմաններից դուրս չպետք է գա, բայց այդ աշխույժ վիճակը սահմանին մտնում է Ռուսաստանին հիմարացնելու փորձով, որովհետև Ռուսաստանն էլ իր հերթին պետք է Ադրբեջանի հետ ֆլիրտ անի, որպեսզի նա պատրաստ չլինի այս տարածաշրջանում կարծր գործողությունների»,-նշեց նա։

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ ուկրաինական վիճակից ելնելով Արևմուտքին ձեռնտու է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների խորացումը և սահմանի լարվածության ֆոնին՝ Ռուսաստանի զսպման դերի մեծացումը։ 

«Ուկրաինայում, քանի որ վիճակը վատթարանում է, Ռուսաստանը կարող է ասիմետրիկ պատասխան տալ այդ կենտրոններին, որոնց դեմ գործում է, մասնավորապես Միացյալ Նահանգների կառավարությանը։ Ես ընդգծում եմ՝ կառավարությանը, որովհետև Միացյալ Նահանգների ժողովուրդը լրիվ այլ վիճակում է, և առաջին զոհն է այդ կառավարության, որը միջազգային գործիք է և ոչ թե իր ժողովրդի։ Եվ այս հարցում ԱՄՆ կառավարության պատասխանը կարող է լինել Ռուսաստանի զորքերի մուտքը, որը որպես խաղաղարար գործառույթ, կարող է մտնել՝ հայ-ադրբեջանական գիծը ծածկել, դրա հետ մեկտեղ՝ ծածկելով կովկասյան միջանցքը։ Այս դեպքում նավթի ու գազի գների աննախադեպ թռիչք կսպասի և աշխարհակարգին մեծ հարված կլինի»,-ասաց նա և նշեց, թե հենց այս հաշվարկից ելնելով՝ փորձում են Ռուսաստանին պահել այն վիճակում, որ նա այդպես չմտածի։

«Ցույց են տալիս թշնամանքը Ադրբեջանի հետ, Արևմուտքը խաղաղ քարկոծում է Ադրբեջանին՝ թույլ տալով Ռուսաստանին բանակցել Ադրբեջանի հետ։ Իսկ քանի որ Ռուսաստանը խորամանկացել է, նա էլ կարող է ձև տալ, որ Ադրբեջանի հետ հարազատացել է։ Բայց ձևն էլ այսպես է՝ քանի որ Ադրբեջանն էլ տեղյակ չէ Արևմուտքի ուժերից ու նպատակներից, ապա այդ ձևը կարող է վաղը մյուս օրը բովանդակություն ստանալ։ Բայց դեռևս Ռուսաստանը չի կարող Արևմուտքին պատասխան տալու իր հիմնական մահակը մի կողմ դնել և ասել՝ Ադրբեջանում ես գործ ունեմ անելու, քանի որ Ադրբեջանին ես բարեկամ եմ, և նա թշնամի է Արևմուտքին։ Այս վիճակը դեռ չի ստեղծվել և կարծում եմ՝ չի էլ ստեղծվի, բայց այդ փորձը կատարվում է, որ գոնե դա չանցնի»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, ապա ըստ Մանուչարյանի՝ դա ձևավորում է մամուլի, ինտերնետի միջոցով, որտեղ մեծ թափով շրջանառվում է այդ կեղծիքը, թե մարդիկ իրար չեն սիրում, դրա համար են իրար վրա կրակում։

«Բայց բոլորս գիտենք, որ 10 տարի առաջ նրանք կրակում էին 100 անգամ պակաս, և ատելության պրոպագանդան շատ ավելի պակաս էր, ի՞նչ պատահեց հիմա»,-հարցրեց նա և ինքն էլ պատասխանեց. «Պատահեց այն, որ 10 տարի է՝ Ադրբեջանին ռազմական իմաստով ուժեղացնում են ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ Հայաստանի անվան տակ՝ ընդդեմ Իրանի, որպեսզի Իրանի դեմ գործողություն սկսելու դեպքում Իրանը չպատասխանի Ադրբեջանին, քանի որ հասկանալի է, որ եթե ստեղծի նման վիճակ և Իրանը պետք է պատասխանի, ապա ամենաէֆեկտիվը կլինի զորքերով մուտքը Ադրբեջան, փակել Արևմուտքի կոմունիկացիաները, քաոս ստեղծել շուկաներում, այսինքն՝ դա մեծագույն հարված կլիներ»։ 

Ըստ նրա, հենց դա կանխելու համար էլ սկսել են ուժեղացնել Ադրբեջանին։ «Բայց որպեսզի ուղիղ չստացվի, որ Ադրբեջանին զինում են Իրանի դեմ հավանական կռվի համար և Իրանը չկռահի դրա մասին, երկար ժամանակ նման սցենար պատրաստվեց. Ադրբեջանը ատում է հայերին և դրա համար զինվում է, որ վերադարձնի հայկական հողերը»։

Իսկ այս ամենից, ըստ նրա, Ադրբեջանը նույնիսկ տեղյակ էլ չի. «Ադրբեջանն այդքան խելք չունի, որ նա գաղտնի զինվում է Իրանի դեմ, այսինքն՝ ինքը չի հասկանում դրա մասին, ասում են՝ ընդամենը դու ատում ես հայերին և սկսի ավելի ատել, հարյուրավոր կենտրոններ գրում են դրա մասին, գրքեր հրատարակում։ Ադրբեջանը 2004թ-ին պատրաստ էր հայերի հետ կովկասյան ինտեգրացիայի շրջանակներում լուծումներ գտնել Ղարաբաղյան կոնֆլիկտում, մեկ էլ մի լավ օր նրան սկսում են ասել, որ հայերը մարդ չեն, գիշատիչ են, որ երեխեքին սպանում, լցնում են խողովակները, էս են անում, էն. հանկարծ սկսեց Խոջալուի պտույտը, այն դեպքում, երբ ավագ Ալիևը Խոջալուի ուսումնասիրություն անցկացրեց, բայց ոչ մի բան չհրապարակեց, փակ պահեց, որովհետև չէր ուզում պրոպագանդիստական նպատակներով օգտագործել։ Իրոք զոհվածներ կային, բայց մյուս կողմից էլ մեծ կնճիռներ կային, թե այդ ամենն ինչպես է եղել։ Բայց հետո որոշվեց դա դարձնել թշնամանքի սերմանման գործիք, և հետո արդեն ատելության պտույտ սկսեց։ Այսօր Ադրբեջանցի երեխաներին ատելության նյութեր են տալիս, որ ատելությամբ լցվելով հայերի նկատմամբ՝ զինեն, բայց, իհարկե, անունով հայերի, իրականում՝ Իրանի դեմ»։ 

Իսկ թե այս սցենարնի դեպքում, ինչքանո՞վ է հավանական Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցությունը, Մանուչարյանը պատասխանեց, թե Ադրբեջանին չի սպառնում անդամակցությունն այս միությանը։ «Դա բացառված է, իսկ խոսակցություններ կարող են վարել, հոդվածներ կարող են տպվել, այդ ամենը արվում է Մոսկվային հիմարացնելու շրջանակում»,-ասաց նա։

Ամեն դեպքում, ըստ նրա, Արևմուտք-Ռուսաստան բախումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ «Հնարավոր է, ասենք թե, Ռուսաստանն ինչ-ինչ հարվածներից կաթվածահար լինի, իսկ այդ դեպքում դիմակայելու համար մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ շատ խորը հարաբերություներ ստեղծել, որ կարողանանք նրանցից ստանալ զինատեսակներ, որ կարողանանք պաշտպանվել անգամ իր կաթվածահար եղած դեպքում։ Այսինքն՝ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել թե ադրբեջանական բանակին, թե Թուրքիայի երրորդ դաշտային բանակին, որն ուղղված է Հայաստան, իսկ դրա համար մենք պետք է ունենանք ակնհայտ զսպման զենք։ Հիմա էլ, իհարկե, ասում են, թե հայերը միջուկային զենք ունեն, կամ զանգվածային ոչնչացման զենք, կամ այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել ցանկացած կետ։ Մենք բացահայտ պետք է ունենանք զսպման զենք, իսկ դրա համար պետք է Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենալ, որը կարող է ունենալ այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ցանկացած տարածք»։