ԵՏՄ անդամակցության հարցում դրության տերը մենք չենք. եթե կլինեն շահեր, որոնք չենք կարող հաղթահարել, չենք միանա. կարծիքներ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, չնայած Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հարցի ձգձգմանը, կարծում է, որ այդ պայմանագիրն ի վերջո կստորագրվի՝ լինի աշնանը, թե ավելի ուշ։ «Բայց պետք է ռեալ հասկանալ, որ դրության տերը մենք չենք, մեզ են ասում՝ կստորագրեք կամ չեք ստորագրի, կամ ինչ պայմաններով կստորագրեք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ադրբեջանին Ղարաբաղով գայթակղելու և միություն ներքաշելու գործոնով պայմանավորված ձգձգումը Ռուբիկ Հակոբյանը չի բացառում և դրանով է բացատրում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակտիվությունը։
«Ակտիվ բանակցություններ են տեղի ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, և երևում է Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ Ադրբեջանին ներառել այս կառույցում։ Թե ինչ արդյունք կունենա և ինչ գնի դեպքում Ադրբեջանին կարող են ներառել, դա իրենք ակնհայտ քննարկում են։ Ես չգիտեմ՝ ինչքանով է հայկական կողմը մասնակից այս հարցին, բայց այն, որ այս երկու պետությունների զրույցներում անպայման շոշափվում է Ղարաբաղի հարցը՝ չեմ կասկածում»,-ասաց նա։
Իսկ թե հնարավո՞ր է համարում Ղարաբաղի որոշ շրջանների գինն արժենա Ադրբեջանի անդամակցությունը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես ոչինչ այս պահին չեմ բացառում և ոչինչ էլ չեմ ուզում հաստատել, բայց մի բան հստակ է, Ադրբեջանի խնդիրը որևէ քայլ անելուց պետք է անպայման լինի Ղարաբաղի հարցում լուծումն ի նպաստ իրեն, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանին չափազանց անհրաժեշտ է Ադրբեջանի մուտքն այդ կառույց։ Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ սեղանի վրա է դրած Արցախը, իսկ թե կողմերից ով՝ ինչպես կկողմնորոշվի և արդյունքում ինչ կունենա, դժվար է հիմա ասել։ Իմ կարծիքով, եթե արդյունք լինի այդ բանակցություններից, կլինի ոչ ի նպաստ Հայաստանի»։
Իսկ թե Հայաստանը հանուն այդ անդամակցության կգնա՞ն ԼՂ հարցում զիջումների, Ռուբեն Հակոբյանը կրկնեց, թե ոչինչ չի կարող ասել, թե հարցն ինչ շարունակություն կունենա։ «Չեմ կարող ասել, թե Հայաստանի իշխանություններն ինչ կեցվածք կունենան, բայց կարող եմ ասել, որ այդ բանակցությունները կարող են ռեալ արդյունք տալ, և այդ տարբերակներից մեկը կարող է լինել ի վնաս Ղարաբաղի, բայց, իհարկե, չեմ պնդում, որ կատեգորիկ այդպես կլինի»,-եզրափակեց նա։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բոլորովին մտավախություն չունի, որ Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը կարող է ձախողվել։ Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայաստանը կանի այն, ինչ իրեն ձեռնտու է։
Դիտարկմանը, թե Հայաստանին գուցե ձեռնտու է ԵՏՄ-ին անդամակցությունը, իսկ ո՞րն է մյուս անդամ երկրների, մասնավորապես Ղազախստանի և Բելառուսի շահը Հայաստանի անդամակցությունից, Մինասյանը պատասխանեց. «Եթե կլինեն շահեր, որոնք մենք չենք կարող հաղթահարել, ուրեմն չենք միանա։ Եթե իրենք չեն ուզում, որ մենք այնտեղ գտնվենք, ուրեմն չենք գտնվի»։
Ըստ նրա, Հայաստանի կողմնորոշման հարցում ամեն ինչ պարզ է, և անդամակցելու ցանկությունը մեծ է. «Մեր բոլոր շահերը կշռադատված են, և այն նախնական պայմանավորվածությունները, որոնք կան, մեր համար լրիվ բավարար է, որպեսզի մենք անդամակցենք»,-ասաց նա։
Ի տարբերություն Ռուբեն Հակոբյանի, Գագիկ Մինասյանը չի կարծում, թե Ռուսաստանը Ադրբեջանին էլ փորձ է անում համոզել միանալ միությանը։ Իսկ Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում արված հայտարարությունը, թե Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցության հեռանկարով, ՀՀԿ պատգամավորը չի համարում Հայաստանի պաշտոնական կարծիք։ «Արտաշես Գեղամյանի հայտարարությունից, ինչ է, Դուք այդպիսի բա՞ն եք զգացել։ Կներեք, Դուք ընդամենը սխալ եք մեկնաբանում»,-ասաց նա։
Իսկ թե ինքն ինչպես է հասկացել Գեղամյանի հայտարարությունը, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ, ինքս չեմ լսել ու չեմ կարդացել նրա խոսքը, Ձեր ասածից պետք է դատեմ, իսկ ես չեմ ուզում այդպես դատեմ»,-ասաց նա։
Մի բանում, սակայն, հանրապետական պատգամավորը վստահ է՝ Ադրբեջանը դժվար թե անդամակցի ԵՏՄ-ին. «Ես չեմ կարծում, որ իր շահերից բխում է անդամակցելը։ Դա իրատեսական չէ, որովհետև այն աշխարհաքաղաքական իրավիճակներում, մասնավորապես էներգակիրների տարանցիկ ճանապարհների հետ կապված և այդ հարցում Ադրբեջանի էական դերակատարումը, չեմ կարծում, թույլ տա, որ Ադրբեջանը անդամակցի ԵՏՄ-ին»։










