Պաղեստինը և Իսրայելը հրթիռային հարվածներ են փոխանակել

11:20 • 06.07.14

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը պաղեստինցի գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի տարածք: Վիրավորների և ավերածությունների մասին չի հաղորդվում, գրում է vesti.ru-ն: Թել-Ավիվում հայտարարել են, որ հրթիռների մի մասը ոչնչացրել է «Երկաթե գմբեթ» համակարգը: Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ: 

Հորդանան գետի ձախ ափին երրորդ օրը շարունակ տեղի են ունենում ցույցեր: Մարդիկ պահանջում են գտնել և պատժել պաղեստինցի անչափահասի մահվան մեջ մեղավորներին: Նախօրեին հայտնի է դարձել, որ տղային կենդանի այրել են: Ցուցարարները համոզված են, որ դա արել են ծայրահեղ աջ հրեաները:

Ցույցերին զուգահեռ իսրայելական վարչապետի շենքի մոտ մեկ այլ ակցիա էր ընթանում: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ մերձարևելյան կոնֆլիկտի սրացման մեջ մեղավոր են պաղեստինցիները և նրանց անվանում են ոչ այլ ինչ, քան ահաբեկիչներ: