Վարդենիսում հողմից տուժած տների վերանորոգման աշխատանքներն առանց կառավարության գումարների սկսել են. մարզպետ

17:25 • 06.07.14

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին գրանցված ավերիչ հողմի հետևանքով վնասված մոտ 100 տնտեսությունների վերականգնման աշխատանքները սկսվել են, չնայած որ գումարային հաշվարկ դեռևս չի եղել. այս մասին Tert.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հողմը պոկել-տարել էր բնակարանների կտուրներ, ջարդուփշուր արել ապակիներ, շուռ տվել 20-ից ավելի էլեկտրահաղորդման սյուներ: Հողմն ամբողջությամբ պոկել էր 10 բնակարանների կտուրներ, իսկ մոտ 90 բնակարանի կտուր վնասվել է մասնակի: Վնասվել է նաև Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: 

«Ուզում ենք ամենաօպտիմալ ձևով հրատապ օգնենք հողմից վնաս հասցրված մարդկանց, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վնասները և առաջիկայում անձրևներից ջրերը չթափանցեն ներս։ Այս պահի դրությամբ մի քանի բրիգադներ աշխատում են, շատերն իրենք են վերականգնում, մենք արդեն բոլորին մատակարարել ենք համապատասխան շինանյութեր, և մարդիկ այս պահի դրությամբ աշխատում են»,-ասաց մարզպետը։

Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, թե ինքը տեղյակ չէ մամուլում նշված հաշվարկից, որ 95 մլն դրամ պետք է հատկացնի կառավարությունը։

«Կոնկրետ ես նման հաշվարկ չգիտեմ, թե որտեղից է նման հաշվարկ արվել։ Դա ճիշտ տեղեկատվություն չէ, կոնկրետ մենք դեռ գումարային հաշվարկ չենք արել, նախնական կառավարությունը հատկացրել է 20 մլն, բայց կառավարության հատկացումից հետո բավականին ընթացակարգեր պետք է անցնեն, մինչև ֆինանսավորումը բացվի։ Հիմա մենք չենք սպասել ֆինանսավորմանը, շինարարական կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նրանք անմիջապես անցնեն գործի, նրանից հետո մենք հանձնաժողովով կչափագրենք շինարարական կազմակերպությունների կողմից իրականացրած աշխատանքները նոր կխոսենք ֆինանսների մասին։ Այս պահին չենք արել, այնպես որ՝ ես չգիտեմ որտեղից է նշված թիվը»,-նշեց նա։