Կամբոջայում աղքատ ընտանիքները վաճառում են դստրերի կուսությունը. The Guardian

23:34 • 06.07.14

Հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ մի հոդված, որում արդրադարձ է կատարվել աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկին՝ Կամբոջային։ Պարզվում է՝ այդ երկրում «ծաղկում է» կուսության վաճառքը, որը կանանց սեռական շահագործման ամենաքննադատելի տեսակներից մեկն է։  

Աղբյուրը նշում է, որ չքավորության ճիրաններում հայտնված ծնողներն ու բարեկամները «խոշոր» գումարի դիմաց, որը հիմնականում կազմում է 1.000-ից մինչև 5.000 դոլար, վաճառում են իրենց դստրերի անմեղությունը։ 

«Գնորդները» հիմնականում ազդեցիկ կամբոջացի, թայլանդցի, չինացի ու սինգապուրցի  քաղաքական գործիչներ ու գործարարներ են, ովքեր լիովին վայելում են իրենց անպատժելիությունը Կամբոջայի  կոռումպացված արդարադատության համակարգի շրջանակներում։ 

Ըստ Կամբոջայում գործող իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, ամեն տարի երկրում «վաճառվում են» 13-18 տարեկան հազարավոր կույսեր։ 

Իրավապաշտպանները նշում են, որ կուսության վաճառքն այդպիսի պահանջարկ ունի Կամբոջայում, քանի որ տեղացիները հավատում են, որ 50-ն անց տղամարդիկ կարող են վերականգնել իրենց ուժը՝ կույսի հետ սեռական հարաբերություն ունենալու միջոցով։ Նրանց համոզմամբ, դա օգնում է իրենց երիտասարդ ու առողջ մնալ։