Հայաստանում կա սեյսմիկ ակտիվություն, բայց կարծես գնում է աստիճանաբար մարման. ՍՊԾ ղեկավար

11:57 • 07.07.14

Հայաստանում ներկայում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, բայց այն, կարծես, գնում է աստիճանաբար մարման, այս մասին Tert.am–ին հայտնեց Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի ղեկավար Հրաչյա Պետրոսյանը:


«Երկու՝ համեմատաբար թույլ ցնցումներ են եղել, որովհետև ուժեղը սկսում է 5.5 մագնիտուդից և ավելի: Մեկը 3.0 և մյուսը՝ 4 .0 մագնիտուդի ցնցումներ են եղել և հետցնցումներ՝ ավելի թույլ: Եվ հույս ունենք, որ աստիճանաբար դեպի մարումն է գնում»,– ասաց Հրաչյա Պետրոսյանը:


«Այս պահի դրությամբ՝ 3.0 և մյուսը՝ 4 .0 մագնիտուդի ցնցումներից հետո ունեցել ենք 12 հետցնցում, ամենաուժեղը՝ 2.1 մագինտուդ՝ ըստ Ռիխտերի սանդղակի»,- ավելացրեց նա։


Հիշեցնենք, որ այսօր, որ հուլիսի 6-ին՝ ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Ավելի ուշ՝ արդեն հուլիսի 7-ին՝ ժամը 03.08-ին, Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրորդ երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:


Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ ակտիվությունը պայմանավորում են նրանով, որ Հայաստանում վերջերս քիչ էին և թույլ էին տարածքում գրանցված երկրաշարժերը:


«Շուրջբոլորը լինում էին տարբեր ուժի սեյսմիկ ցնցումներ, մեզ մոտ մի փոքր դեֆիցիտ էր նկատվում»,-ասաց սեյսմոլոգը: