Անլուրջ մոտեցում է, ստվերը կրճատելու համար սև ու սպիտակ ցուցակ կազմելու անհրաժեշտություն չկա. կարծիքներ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է՝ ստվերի դեմ պայքարի համար կառավարության կազմած երկու ցուցակները ոչ մի արդյունք չեն տա, որովհետև, ըստ նրա, նույն ցուցակ կազմողները շատ լավ էլ գիտեն՝ ում է թույլ տրված ստվերում աշխատել և ում դա թույլատրված չէ։
«Ինձ համար ի սկզբանե էլ պարզ է եղել, որ ոչ մի արդյունք էլ չի տա, սև ու սպիտակ ցուցակ կազմելու անհրաժեշտություն չկա, որպեսզի մարդկանց հարկային դաշտ բերեն, իրենք շատ էլ լավ գիտեն՝ ոնց են աշխատում, ուղղակի երևի զբաղմունք են գտել, զբաղեցնում են նաև հասարակությանը՝ ցույց տալու համար, թե տեսեք՝ մենք էլ ենք գործ անում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Վահագն Խաչատրյանը նկատեց, թե ստվերից դուրս բերելն այդքան բարդ գործ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Եթե իրոք ցանկություն կա ստվերային տնտեսությունը բերել հարկային դաշտ, մեծ խնդիր չի առաջանա գործող իշխանության համար, որովհետև ի վերջո ամեն տեղ էլ իրենք են վերահսկում, իրենք շատ լավ էլ գիտեն, թե ում է թույլ տրված ստվերում աշխատել և ում դա թույլ տրված չէ։ Այդ ամենն ինձ համար պարզ է, և պարզ է նաև, որ նույն ձևով էլ կշարունակի կառավարությունն աշխատել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից մեկնարկում է պայքարը ստվերի դեմ։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ հայտարարել էր, որ նախարարությունն առանձնացրել է ռիսկային ոլորտները, կազմվել է տնտեսվարողների երկու ցուցակ՝ տնտեսվարողներ (1200-1300 ընկերություն), որոնք ընդունել են ստվերի առկայությունը և պատրաստակամություն հայտնել իրականացնել ապրանքաշրջանառության փաստաթղթավորում, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բարելավել հարկային վճարումները և տնտեսավարողներ, որոնք հայտարարել են, թե ամբողջովին գործում են հարկային դաշտում, «սպիտակ են» և չեն ընդունել հարկային ծառայության վերլուծությունները։
«Ես այդ ամեն ինչն անլուրջ եմ համարում, քանի որ որոշումը ոչ թե տնտեսական դաշտում պետք է փնտրել, այլ՝ քաղաքական որոշում պետք է լինի։ Իսկ քաղաքական որոշման տրամադրվածություն չկա, չի էլ կարող լինել։ Եթե քաղաքական որոշում լինի, նշանակում է, որ այսօրվա քաղաքական համակարգը գոյություն ունենալ չի կարող»,-նշեց նա և հավելեց, թե քանի դեռ հիմնական խնդիրը չի լուծվել, հարցի համակարգային լուծում ակնկալել պետք չէ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նույն համոզման է՝ նման քայլերով ակնհայտ արդյունքի հասնել պարզապես հնարավոր չէ, չնայած չնչին արդյունք, ըստ նրա, հնարավոր է՝ լինի։
«Բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք այս պահի դրությամբ իրենց պարտավորությունների կատարման առումով որոշակի ոչ ցանկալի վիճակում են հայտնվել, կարող է մոտեցումը շատ փոքր, բայց որոշակի ազդեցություն ունենա։ Ես բազմիցս շեշտադրել եմ, որ բոլոր պարագաներում, հատկապես պարտավորությունները պետության նկատմամբ չկատարելու դեպքում պետք է ենթարկվեն խիստ պատժամիջոցների։ Դա պետք է լինի այնպես, որ խախտումներ կատարողները, պարտավորությունները պատշաճ չկատարողները հասկանան, որ ավելի լավ է նորմալ աշխատեն, քան ընկնեն այդ պատժամիջոցների տակ։ Ես հայտնագործություն չեմ անում, այլ ասում եմ, թե ամբողջ աշխարհում ինչպես է տեղի ունեցել։ Հիմա ընկերավարի, սուբյեկտիվ մոտեցմամբ ասել՝ եկեք, դուք հայտնվեք այս ցուցակում, մի քիչ մանկական է հնչում, կամ ասեն, եթե չեք ուզում՝ եկեք, հայտնվեք մի ուրիշ ցուցակում, հետո կտեսնենք, ձեզ համար վատ է լինելու, թե լավ է լինելու։ Նման կուրսի մեջ նստած համքարական մոտեցումը 21-րդ դարին չի սազում»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե այսինքն՝ գործարարներին նման ցուցակներով համոզել կամ վախեցնել չի՞ ստացվի, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Մինչև վախենալը այդ նույն գործարարների վախը բռնված է եղել, այդ մարդկանց թույլատրել են, որ պատշաճ չվարվեն իրենց պարտավորությունների նկատմամբ։ Ենթադրենք մեկը ես եմ, պարտավորություններ չկատարող, ինձ օգնում և հովանավորում են, այն էլ բարձր դիրքերից, հիմա որքան էլ ինձ ասեն, բնականաբար, չունեմ կաշկանդվելու և վախենալու ոչ մի պատճառ, միգուցե կասեմ՝ ճիշտ է ասում, բայց միևնույնն է, կմտածեմ՝ ո՞վ ինչ կարող է ինձ ասել»։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե միայն ցուցակներ կազմելով ու կամայական ասելով չէ, որ պետք է ստվերից դուրս գալ։ Ըստ նրա, դա պետք է ուղեկցվի հարկային քաղաքականության լուրջ ուսումնասիրությամբ։
«Պետք է պայմաններն այնպիսին լինեն, որ տնտեսվարող սուբյեկտն ինքը չուզենա ստվերում մնալ, այսինքն՝ առաջին հերթին պետք է հարկային քաղաքականությունը վերանայվի. արդյո՞ք այդ քաղաքականությունը ռիսկով չի, ճնշումը մեծ չէ, արդյո՞ք նման հարկային քաղաքականության պայմաններում տվյալ ձեռնարկությունը կարող է արդյունավետություն ցույց տալ։ Այս պայմանները ուսումնասիրելու և նպատակահարմար լինելու դեպքում ոչ մեկն էլ չի ցանկանա ստվերում լինել, ինչո՞ւ պետք է ստվերում լինեն ու անընդհատ մտածեն, որ մի օր իրենց կստուգեն ու կտուգանեն, որովհետև տնտեսական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»,-ասաց նա։
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ սովորական տնտեսվարողը ստվերում չի գործում, այլ ստվերում է օլիգարխիան, որը լծակներ ունի։ «Սովորական տնտեսվարողը չի էլ կարող գործել, ո՞վ կթողնի որ։ Գործում են նրանք, ովքեր ունեն լծակներ, տնտեսություն և կարողանում են իրենց թույլ տալ որոշակի խուսափումներ անել։ Սովորական տնտեսվարողը չի կարող նման շռայլություն անել, որովհետև հարկայինի ստուգումների մեխանիզմն այնպիսինն է, որ միշտ էլ կարող են ստուգել, եկամուտները ճշգրտել. խոսքը վերաբերում է օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին»,-նշեց նա։
Ըստ տնտեսագետի՝ նույն օլիգարխիային ընկերական ձևով համոզելու խնդիր չկա, պարզապես քաղաքական կամք պետք է դրսևորվի և հարկային քաղաքականությունը նրանց նկատմամբ էլ կիրառվի։
Իսկ թե նա տեսնո՞ւմ է այդ քաղաքական կամքը, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Դե վարչապետն ասել է, որ ինքը դրսևորելու է այդ կամքը, մնում է սպասել վարչապետի այդ քայլերի հետևողական կատարմանը»։










