Բուենոս Այրեսում հանդիպել են Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարները

12:32 • 07.07.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում այսօր Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր արգենտինացի գործընկերոջ՝ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն են հայտնել, որ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: 

Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշել են Բուենոս Այրեսում, Երևանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները և գոհունակությամբ արձանագրել, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: 

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը: 

Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշել է, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ է եղել միջազգային խնդիրների: