Գերմանիայի Բունդեսթագում հիշատակվել են 1915 թվականի հայկական ջարդերը

14:59 • 07.07.14

Գերմանիայի Բունդեսթագում հուլիսի 3-ին Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված տեղի է ունեցել հատուկ նիստ: Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:


Լամմերտը բացման իր խոսքում նշել է, որ Առաջին աշխարհամարտը նշանավորվել է Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների մայրամուտով և ազդարարել նոր դարաշրջանի սկիզբը, ինչպես նաև այն միաժամանակ պատերազմական նոր օջախներ է ստեղծել Բալկաններում և Կովկասում:


Լամերտը որպես օրինակ է բերել 1915-ի թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը՝ նշելով, որ հայերի արտաքսումն ու ոչնչացումը պատերազմ վարելու միջոց դարձրին տեղահանումն ու զանգվածային սպանությունները:


Իր ամփոփման խոսքում Ն. Լամմերտը, անդրադառնալով երկու աշխարհամարտերի հետևանքների հաղթահարման դժվարին գործընթացին, այն դիտարկել է համաեվրոպական ինտեգրացիոն ծրագրի համատեքստում և ընդգծել է, որ
եվրոպական օրինակելի փորձը՝ վերջ տալու բռնությունը հիմնական խորհուրդն է մնում անցած հարյուրամյակի ընթացքում տեղի ունեցած երկու աշխարհամարտերի հիշատակը միասնաբար հարգելու համար:


Բունդեսթագի հանդիսավոր նիստին մասնակցել են ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը,դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորներ, ԳԴՀ սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես նաև պատվավոր հյուրերի կարգավիճակով` Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերը և Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’էսթենը, իսկ որպես հիմնական բանախոս Փարիզից հրավիրված է եղել հրեական ծագումով դոկ. պրոֆ. Ալֆրեդ Գրոսսերը, ով ծնվել է 1925թ.Գերմանիայում, սակայն 1933թ. նացիոնալ- սոցիալիստների կողմից արտաքսվել էր և բնակություն հաստատել Ֆրանիսայում: