Դոնեցկում զինված ուժեր են ստեղծում և պատրաստվում պատերազմի

20:25 • 07.07.14

Դոնեցկի ինքնահռչակ «Ազգային Հանրապետության» ներկայացուցիչները մտադիր չեն բանակցել Կիևի հետ: Ինքնահռչակ Հանրապետության «ղեկավարությունը» մտադիր է «զինյալների» հիման վրա զինված ուժեր ստեղծել: Այս մասին Корреспондент-ին հայտնել է «Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության» առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:


«Կշարունակենք պայքարել, կենտրոնանալ և զինված ուժեր ստեղծել, որոնք բոլորը երդման արարողություն կանցնեն: Միացյալ հրամանատարություն կընդունվի, զորահավաք իշխանություն կստեղծվի, այսինքն` խաղաղ կյանքից անցնում ենք մաքուր զորահավաքի և պատերազմի», - ասել է «փոխվարչապետը»:


Անդրեյ Պուրգինն ընդգծել է, որ հնարավորություն չի տեսնում Դոնբասում իրադարձությունների խաղաղ զարգացման համար, և իրենք պատրաստվում են պատերազմել, քանի դեռ չեն իրականացվել իրենց պահանջները:


Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Ուկրաինայի հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ուժայինները վերահսկողություն են սահմանել Սլավյանսկում, Կրամատորսկում և մի շարք այլ բնակելի թաղամասերում, ինչպես նաև` հայտարարել են Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները շրջափակման մեջ առնելու մտադրության մասին: