Դանիայում հարբած վարորդներին կզրկեն մեքենաներից

15:22 • 07.07.14

Դանիայի իշխանությունները խստացրել են մեքենան ոչ սթափ վիճակում վարողների նկատմամբ պատիժը։ Այսուհետ այդ երկրում հնարավոր է զրկվել մեքենայից, եթե վարորդը հարբած է նստել ղեկին։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Դանիայի արդարադատության նախարարությանը հղումով, այն վարորդները, որոնց արյան մեջ ալկոհոլի քանակը կգերազանցի 1/1.000-րդ մասը, ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց մեքենային։ Սակայն պետք է նշել, որ օրենքը գործում է այն կարգազանցների դեպքում, ովքեր նախորդ 3 տարվա ընթացքում տուգանվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։

 

Արդյունքում այդ մեքենաները կվաճառվեն, իսկ գոյացած գումարը կուղարկվի պետական բյուջե։ Աղբյուրը հավելում է, որ նոր օրենքը տարածվում է ոչ միայն տեղացիների, այլև Դանիայում գտնվող օտարերկրացիների վրա։

 

Այսկերպ իշխանությունները փորձում են պայքարել ողբերգական ելքով ՃՏՊ-ների դեմ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Դանիայում տեղի ունեցող ավտոճանապարհային մահացության ամեն 4-րդ դեպք կապված է ալկոհոլի օգտագործման հետ։