Գերմանական ընկերությունը Գազպրոմի դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան

10:07 • 07.07.14

Գերմանական E. On Global Commodities SE-ը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Գազպրոմ»-ի՝ պահանջելով վերանայել երկարաժամկետ պայմանագրերով նախատեսված գները, հաղորդում է «Ведомости» թերթը՝ հղում անելով գերմանական ընկերությունում իր աղբյուրին:


«Պայմանագրերը նախատեսում են գների կանոնավոր վերանայում, ինչն ապահովում է ռուսական գազը մրցունակ, շուկայական գներով ձեռք բերելու հնարավորությունը»,- ասել է թերթին E. On-ի ներկայացուցիչը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից: «Գազպրոմ»-ում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:


Ինչպես թերթին պատմել է ընկերություններից մեկին մոտ կանգնած աղբյուրը, 2012 թվականից «Գազպրոմ»-ի և E. On-ի միջև գործում է հավելյալ համաձայնագիր, որը թույլ է տալիս գերմանացիներին գազը գնել զեղչով: 2013 թվականին ընկերությունը ստացել է 19,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ: Այժմ Գազպրոմը հրաժարվել է զեղչ ներկայացնել այդ համաձայնագրով՝ պատճառաբանելով դա շուկայական գների փոփոխություններով: Աղբյուրի փոխանցմամբ հենց այդ մասին են կողմերը վիճելու Ստոկհոլմում: