Ուկրաինայի կառավարական ուժերն արգելափակում են Դոնեցկը և Լուգանսկը

15:44 • 07.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ կառավարական ուժերը շրջափակել են Դոնեցկ և Լուգանսկ քաղաքները, որպեսզի կանխեն անօրինաբար զինված խմբավորումների անդամների դուրս գալը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:


«Դոնեցկը շրջափակված է զենքով գրոհայինների դուրս գալու համար: Միևնույն ժամանակ այն շրջափակված չէ խաղաղ բնակիչների դուրս գալու համար, որոնք կարող են ազատ դուրս գալ քաղաքից՝ ներկայացնելով իրենց փաստաթղթերը, և ցույց տալով, որ իրենց ավտոմեքենաներում չկա զենք և պայթուցիկ նյութեր»,- ասել է Գերաշենկոն:


Նրա խոսքով՝ ուկրաինացի ուժայինները կամրացնեն Դոնեցկի շուրջը գտնվող յոթ անցակետերը: Գերաշենկոն նաև չի տեսնում մեծ խնդիր նրանում, որ շրջանի ազատագրված քաղաքներից գրոհայինների մի մասը տեղափոխվել է Դոնեցկ, քանի որ անօրինական զինված խմբավորումների անդամները այսպես թե այնպես այնտեղ եղել են վերջին երկու ամիսների ընթացքում՝ վերահսկելով իրավիճակը քաղաքում:


ՆԳՆ ղեկավարի խորհրդականը կանխատեսել է, որ մոտ ժամանակներում Դոնեցկը նույնպես կազատագրվի անջատողականներից: Գերաշենկոն նաև նշել է, որ «հակաահաբեկչական գործողության ուժերն» ամեն ինչ արել են, որպեսզի շրջափակվի նաև Լուգանսկը: «Այսօր մեր զորքերը կանգնած են Լուգանսկի ծայրամասերում, և Լուգանսկի ահաբեկիչները հետագա հեռանկարներ չունեն»,- ասել է նա: