Անհանգստությունն ու տագնապը նորմալ է, խուճապը՝ ոչ. ԱԻՆ պաշտոնյա

16:07 • 07.07.14

Հայաստանի տարածքը գտնվում է բավական լուրջ հսկողության տակ՝ սեյսմիկ պաշտպանության իմաստով: Այս մասին ԱԻՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը՝ շարունակելով, թե անհանգստության, խուճապի և տագնապի որևէ պատճառ չկա:


«Ճիշտ եք անում, երբ ցնցումները զգալուց հետո դուրս եք գալիս բնակարաններից, իսկ դուրս գալուց հետո պետք է խուճապի չմատնվել, այլ հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Անհանգստությունն ու տագնապը նորմալ է, խուճապը՝ ոչ»,-ասաց Աշխեն Թովմասյանը՝ անդրադառնալով հուլիսի 6-ին և լույս 7-ի գիշերը Լոռու մարզում գրանցված երկրաշարժներին:


«Տեղի է ունեցել հերթական թույլ ցնցում, որը զգացվել է մարդկանց կողմից և դարձել խուճապի պատճառ»,-ասաց Աշխեն Թովմասյանը:


Ըստ նրա՝Հայաստանի տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են տեղի ունենալ 3 մագնիտուդանոց երկուսից տասը երկրաշարժ, իսկ Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղի ունեցածը 4 մագնիտուդով 4-5 բալանոց երկրաշարժ է եղել:


Երկրաշարժից հետո կես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 11 հետցնցում, որը չի զգացվել:


Աշխեն Թովմասյանի հաղորդմամբ՝ տարեսկզբից տեղի է ունեցել 114 երկրաշարժ, որոնք թույլ ցնցումներ են, իսկ 4 մագնիտուդով երկրաշարժ եղել է 2007 թվականին: