Փախուստ հոգեբուժարանից. ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում պահպանությունն իրականացնող ոստիկանների նկատմամբ

13:56 • 07.07.14

2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքից փախուստ է կատարել նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն: Նա շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:


Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը, որը Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստված նյութերով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։


Ըստ նախաքննական մարմնի՝ ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` անուշադիր են եղել ծառայության ընթացքում:


Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչը, ահազանգ ստանալով կալանավորի փախուստի դիմելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է` դեպքի մասին օպերատիվ հաղորդագրություն չի տվել ու չի հաշվառել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:


Կատարվում է նախաքննություն: