Եթե քառյակը վստահ լիներ, որ հանրահավաք կազմակերպելու դեպքում մարդիկ կհավաքվեն, գարնանը մի հանրահավաք կաներ. Ստյոպա Սաֆարյան

20:47 • 07.07.14

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ, քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ քառյակը գնացել է արձակուրդ: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց` եթե քառյակը վստահ լիներ, որ հանրահավաք կազմակերպելու դեպքում մարդիկ կհավաքվեն, գարնանը մի հանրահավաք կկազմակերպեր:


«Այս պահին կա քաղաքացիական ակտիվության և քաղաքական կյանքի իմիտացիա: Ընդդիմությունը և իշխանությունն անցել են նամակագրական ժանրի»,-կարծում է Ստյոպա Սաֆարյանը:


Դիտարկմանը` եթե քառյակը պասիվ է, ապա ՕԵԿ-ն է փորձում ակտիվանալ և հուլիսի 18-ին հանրահավաք է նախատեսել, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի վարքագիծը ես պայմանավորել եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու գործոնով: Հետևաբար` ՕԵԿ-ը պետք է  փորձի կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք տիպիկ են ընդդիմադիր կուսակցությանը: ՕԵԿ-ը փորձում է օգտագործել այս պահը, երբ քառյակը ոչինչ չի անում, և մտածում է՝ հասարակական ընդվզումը բավարար է ինչ-որ տպավորիչ միջոցառում կազմակերպելու համար: Սակայն ես այդքան էլ այն կարծիքին չեմ, որ նրանց կհաջողվի այդ տպավորիչ հանրահավաքն անել, և չեմ կարծում, որ հասարակությունը, տեսնելով, որ քառյակը ոչիչ չի անում, կգնա ՕԵԿ-ի ետևից: Այսօր քաղաքական բոլոր ուժերը հասարակության խորը անվստահությունն են վայելում, և հասարակությունն էլ գտնվում է խորը ապատիայի մեջ»:


Ըստ նրա՝ հասարակությունը ո'չ ՕԵԿ-ի ակտիվությունից կոգևորովի և դուրս կգա հրապարակ, ո'չ էլ կկարծի, թե որևէ քաղաքական ուժ միայնակ կարող է բան փոխել:

«Այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ ի վիճակի չէ որևէ լուրջ քաղաքական միջոցառում իրականացնել, այդ թվում` «Ժառանգությունը», դա չափազանց տեսանելի է»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:   

 


Անդրադառնալով քառյակի ներկայացրած տասներկու կետանոց պահանջներին՝ վերլուծաբանը նշեց, որ դրանցից պարզ երևում է, թե ինչի վրա է հույսը դրել քառյակը: «Քառյակը ո'չ թե հույսը դրել է քաղաքական հարցերի վրա, այլ` քաղաքացիական շարժումների: Քառյակի ողջ ցանկությունն այն է, որ քաղաքացիական ակտիվությունը ուժեղացնի և ինքը գա, վերևում նստի, սակայն դա լուրջ չէ»: