Շուվալովը սպառնացել է Մոլդովային հանել ԱՊՀ ազատ առևտրի գոտուց

16:42 • 07.07.14

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հնարավոր է համարել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրից Մոլդովայի բացառումը, գրում է lenta.ru-ն: Նրա խոսքերով՝ դա կարելի է անել օրենքի և միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի 62-րդ հոդվածի հիման վրա, որտեղ ասվում է հանգամանքների հիմնավոր փոփոխության մասին՝ որպես հիմք այս կամ այն պայմանագրի դադարեցման համար:


Շուվալովը հայտարարել է Մոլդովայի բացառման հնարավորության մասին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խորհրդակցության ժամանակ: Վերջինս, իր հերթին, հանձնարարել է քայլեր մշակել ռուսական շուկան պաշտպանելու ուղղությամբ՝ ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի Ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրման առնչությամբ:

Հուլիսի 16-ին Եվրասիական տնտեսական միության խորհուրդը պաշտպանական միջոցներ կդիտարկի Մոլդովայի հետ առևտրային կապերի նկատմամբ: Խորհրդի նիստից հետո կսկսվի կառավարական ակտերի կամ օրենքի նախագծի պատրաստումը, եթե անհրաժեշտ լինի դադարեցնել համապատասխան միջազգային պայմանագիրը: